Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տնտեսական աճը՝ 7 տոկոս, կապիտալ ծախսերը՝ 357 մլրդ դրամ. Ֆինանսների նախարարը ներկայացրեց 2022թ. պետբյուջեի մասին օրենքի նախագիծը

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

Ներկայացնելով պետբյուջեի մասին օրենքի նախագիծը՝ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Կառավարության ծրագրով տնտեսական և սոցիալական նպատակների իրագործման ճանապարհին 2022թ. բյուջեի նախագծով սահմանվել են տնտեսական և սոցիալական ծրագրերի իրագործման ժամանակացույցն ու հաջորդականությունը:

«2022թ. բյուջեի նախագծով առաջնային թիրախ է սահմանվել անվտանգային հարցերի, կրթական համակարգերի, ինչպես նաև ներառական և որակյալ ենթակառուցվածքների զարգացման հարցերի լուծումը, ինչն էլ իր հերթին պետք է նպաստի բարձր տեմպերով և ներառական զարգացմանը»,- ասաց նախարարը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ չնայած 2020-ին արձանագրված 7.4 տոկոս տնտեսական անկմանը և հարկային եկամուտների մոտ 80 մլրդ նվազմանը, կառավարությունը ամբողջ ծավալով կատարել է իր բոլոր պարտականությունները, պահպանվել է մակրոտնտեսական կայունությունը:

Նախարարը նշեց, թե ինչ մոտեցումներ են ընկած ծրագրերի ապահովման հիմքում: Մասնավորապես. «Ստեղծել մակրոտնտեսական այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր կլինեն մասնավոր հատվածի բարձր տնտեսական ակտիվության համար և հուսալի պայմաններ կստեղծեն տարվա արդյունքներով 7 տոկոս տնտեսական աճ արձանագրելու համար»:

Նա ընդգծեց. «2022 թվականի համար պետբյուջեի կապիտալ ծախսերը կկազմեն 357 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.5 տոկոսը»:
«2022 թվականի ավարտին կառավարության պարտքի չափը կկազմի 4 տրիլիոն 740 մլրդ դրամ, ինչը կլինի հաջորդ տարվա ՀՆԱ-ի 60.2 տոկոսը: Այս ընդհանուր գումարի 69 տոկոսը կկազմի արտաքին պարտքը, իսկ 31 տոկոսը՝ ներքին պարտքը»,- նշեց ֆինանսների նախարարը և հիշեցրեց, որ 2020 թվականին այս ցուցանիշը կազմել է 63.5 տոկոս: