Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապիտալ ծախսերի մի մասը նպատակահարմար չէ՞ ուղղել անվտանգային համակարգերի ինժեներական կառույցների հզորացմանը. Սերգեյ Բագրատյանը՝ ֆինանսների նախարարին

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը անդրադարձավ ընդդիմադիրների այն քննադատություններին, որ կապիտալ ծախսերը 2021 թվականին ամբողջությամբ չեն իրականացվել, թերակատարվել են: «Այժմ շուրջ 60 տոկոսով ավելացնելով այդ ծախսերը՝ ի վիճակի՞ ենք «մարսել»: Ավելի քան 130 մլրդ-ով կապիտալ ծախսերն ավելացնելը լուրջ մարտահրավեր է»,- նշեց պատգամավորը և ֆինանսների նախարարին խնդրեց ներկայացնել առաջնահերթությունները:

Ի պատասխան ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, մասնավորապես, նկատեց. «Այս խնդրի իրագործումը կախված է թե կառավարության որոշումների, գործողությունների արդյունավետությունից, թե այդ որոշումներին մասնավոր հատվածի արձագանքից»:

Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե ավելի նպատակահարմար չէ՞ կապիտալ ծախսերի մի մասն ուղղել անվտանգային համակարգերի ինժեներական կառույցների հզորացմանը. «Դրանով կփարատվի նաև մեր ազգաբնակչության մտահոգությունները, թե արդյոք ամո՞ւր են մեր սահմանները»:

«Մենք ունենք հնարավորություն ճկուն եղանակով պահանջվող ուղղություններով հատկացումներ իրականացնելու, և դա չի լինելու պետբյուջեով նախատեսված այլ ծախսային ուղղությունների»,- արձագանքեց Տիգրան Խաչատրյանը: