Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ունենք Հայաստանում հիմնված և գործող մեկ միլիարդ դոլարը գերազանցող կապիտալով ընկերություն․ Հակոբ Արշակյանը՝ «Silicon Mountains 2021» գագաթնաժողովին

Ունենք Հայաստանում հիմնված և գործող մեկ միլիարդ դոլարը գերազանցող կապիտալով ընկերություն․ Հակոբ Արշակյանը՝ «Silicon Mountains 2021» գագաթնաժողովին
Տնտեսություն
21:21, 19 ноябрь 2021
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում նոյեմբերի 19-ին ներկա է գտնվել Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած «Silicon Mountains 2021» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովին. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր «Սինոփսիս» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Դր. Չի-Ֆուն Չանը, ով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար արժանացել է Global IT Award 2020 ՀՀ պետական մրցանակի: Գագաթնաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Նա շնորհավորել է Դր. Չի-Ֆուն Չանին նման բարձր պարգեւի արժանանալու համար՝ նշելով, որ Հայաստանի համար մեծ պատիվ է ընդունել տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել համաշխարհային տեխնոլոգիական զարգացման վրա: Խոսելով ոլորտի զարգացման մասին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ նախորդ գագաթնաժողովից հետո նորաստեղծ հարյուրավոր ընկերություններ ստացել են պետական հարկային արտոնություններ:

«Ունենք Հայաստանում հիմնված եւ գործող մեկ միլիարդ դոլարը գերազանցող կապիտալով ընկերություն»,-որպես ոլորտում կարեւոր ձեռքբերում՝ ընդգծել է Հակոբ Արշակյանը եւ հավելել, որ նման ընկերությունները մեր երկրի զարգացման շարժիչ ուժն են:

«Հայաստանում ինժեներների թիվը գերազանցում է 20.000-ը, ինչը խոստումնալից է հաջորդ տարիներին ոլորտում առավել մասշտաբային աճ արձանագրելու համար»,-ասել է Հակոբ Արշակյանը: ԱԺ նախագահի տեղակալը ոլորտի զարգացման առումով շեշտել է պետական հոգածության, սկսնակ ընկերություններին աջակցող պետական ծրագրերի կարեւորությունը եւ ներկայացրել տեխնոլոգիական կրթության զարգացման ոլորտում կատարվող քայլերը: «Խնդիր ունենք Հայաստանում միջին եւ բարձր մակարդակի, փորձառու պրոֆեսիոնալների ներգրավման: Մեր բոլոր ընկերությունները փաստում են այս մարտահրավերը»,-շեշտել է խորհրդարանի փոխխոսնակը:

Այս առումով նա տեղեկացրել է, որ «Օտարերկրացիների մասին» եւ այլ օրենքներում ընդունված փոփոխությունները դյուրացնում են Հայաստանում արտասահմանցի մասնագետների համար ապրելու եւ աշխատելու իրավունքի տրամադրման գործընթացը: 2022 թ. հունվարից առցանց հարթակի միջոցով գործատուները եւ մասնագետները կարող են դիմել եւ ստանալ Հայաստանում ապրելու եւ աշխատելու իրավունք: Գագաթնաժողովի ընթացքում ելույթ են ունեցել նաեւ ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, «Սինոփսիս» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր համատնօրեն Դր. Չի-Ֆուն Չանը: Քննարկվել են խելացի լուծումների կիրառման եւ տնտեսության թվայնացման հեռանկարները, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ուղղությունները, թվային տեխնոլոգիաների անհրաժեշտությունը բիզնես ոլորտում, թվային տնտեսության մարտահրավերները: