Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԲ-ում գրեթե բոլորը պատվաստված են, և դա արվում է ոչ թե ճնշումների, այլ գիտակցության միջոցով․ ԿԲ նախագահ

ԿԲ-ում գրեթե բոլորը պատվաստված են, և դա արվում է ոչ թե ճնշումների, այլ գիտակցության միջոցով․ ԿԲ նախագահ
Տնտեսություն
17:09, 14 декабрь 2021
«Ես կարծում եմ, որ պատվաստման գործընթացը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ, որովհետև բոլոր գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երկրները, որոնցում պատվաստման մակարդակը բարձր է, գրանցվում են ավելի ցածր մահացության դեպքեր։ Իսկ ավելի ցածր մահացության դեպքերը բնականաբար մեծ ազդեցություն են ունենում աշխատուժի շուկայի վրա և, ինչը նաև ոչ պակաս կարևոր է, ազդում են մարդկանց բարոյահոգեբանական վիճակի վրա, որը նաև արտացոլվում է որոշակի ծախսումների վարքագծով»,- այսօր Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված ասուլիսի ժամանակ, ի պատասխան լրագրողների հարցի, իր տեսակետը հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ նախագահը հավելեց, որ ԿԲ-ում գրեթե բոլորը պատվաստված են, և դա արվում է ոչ թե ճնշումների, այլ գիտակցության միջոցով։ 

Լրագրողների հետևյալ հարցին՝ զուգընթաց նրան, որ կրճատվել են վարկերը, բարձր բազայի էֆեկտի արդյունքում նաև ավելացել են ազատ դրամական միջոցները, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ավելցուկային իրացվելիություն է հավաքվում բանկերի մոտ՝ Մարտին Գալստյանն արձագանքեց. «Որոշակի այդպիսի տենդենց կարող ենք նկատել, բայց դա միգուցե պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ պատրաստվում են մյուս տարի իրականացվելիք ներդրումներին, որովհետև պետության կողմից իրականացվելիք մասնավոր ներդրումներին պիտի հաջորդեն մասնավորի ներդրումները։ Ուստի կարող է տեսնենք, որ այս պահի դրությամբ որոշակի զգուշավորությանը մյուս տարի հաջորդեն ներդրումային ծրագրերի իրականացում և վարկավորման ծավալների աճ»։