Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ն ավելի վստահելի տնտեսության ճանաչում ունի. Սերգեյ Բագրատյանը՝ ներդրումային ծրագրերի մասին

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Լիցենզավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ ներդրումներին առնչվող հարցին, ասաց. «Ներդրումները լինում են ուղղակի և անուղղակի, և շատ ավելի կարևոր են անուղղակի ներդրումները»:

Նա խոսեց 3 խոշոր ներդրումային ծրագրերի մասին, որոնք ամենամեծն են ՀՀ պատմության ողջ ընթացքում. «Եթե մենք կարողանանք այդ ներդրումները ճիշտ տեղաբաշխել, մեր տնտեսությունը նոր զարգացումների համար շատ կարևոր նախադրյալներ կունենա»:

«Մի երկրում, որտեղ 750 մլն եվրոյի եվրոբոնդեր են թողարկվում և 3.9 տոկոսով արագ տեղաբաշխվում են, շատ բարձր ցուցանիշ է ներդրումային ծրագրերի գնահատման համար: Թուրքիայի համար 5.7 տոկոս է գնահատվել, Հայաստանի դեպքում՝ 3.9 տոկոս, այսինքն՝ ՀՀ-ն ավելի վստահելի տնտեսության ճանաչում ունի»,- նշեց Սերգեյ Բագրատյանը և հավելեց, որ ՀՀ-ին 2.6 մլրդ եվրոյի ներդրում է առաջարկել ԵՄ-ն իր 5 տարվա ծրագրով, որի մեծ մասն ուղղվելու է ենթակառուցվածքներին: