Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատանի հանդիսատեսի թատրոնը փոքրիկ թատերասերներին ամանորյա անակնկալ է մատուցում «Ռապունցելը» ներկայացմամբ

Պատանի հանդիսատեսի թատրոնը փոքրիկ թատերասերներին ամանորյա անակնկալ է մատուցում «Ռապունցելը»  ներկայացմամբ
Տնտեսություն
20:04, 22 декабрь 2021
Պատանի հանդիսատեսի թատրոնում դեկտեմբերի 21-ին, կայացել է  փոքրիկների կողմից սպասված «Ռապունցելը»  ներկայացման  փակ դիտումը, որին դեկտեմբերի 22-ին կհաջորդի ներկայացման պրեմիերան. տեղեկացրին Պատանի հանդիսատեսի թատրոնից։
«1 ժամ տևողությամբ գունեղ ներկայացումն ուղեկցվում է  երաժշտական և պարային կատարումներով, ինչն  էլ ավելի  հետաքրքիր և ռիթմիկ էր դարձնում ներկայացման ընթացքը։

Գրիմ Եղբայրների հեղինակած համանուն հեքիաթի հիման վրա բեմադրված «Ռապունցելը» ներկայացման  բեմականացման հեղինակն է  Նարեկ Մանուչարյանը, իսկ բեմադրող ռեժիսորը՝  ՀՀ Ժողովրդական արտիստ  Հրաչյա Գասպարյանը։ Բեմանկարչությունն իրականացրել  է Անտոն Քեշիշյանը, վերջինիս մտահղացման  մի մասի՝ մասնավորապես կոստյումների հատվածը կյանքի է կոչել դիզայներ- մոդելավորող Քնքուշ Մալխասյանը։ Պարային  տեսարանների բեմադրության հեղինակն է խորեոգրաֆ Կարեն Խաչատրյանը։ Գլխավոր կերպարներին մարմնավորում են թատրոնի երիտասարդ դերասաններ  Ցողիկ Մարտիրոսյանը, Սեյրան Մովսիսյանը և հրավիրյալ դերասանուհի Կարինե Եսայանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ըստ աղբյուրի՝ փակ դիտմանը ողջույնի խոսքով հանդես է եկել թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը, ով շնորհակալություն է հայտնել թատրոնի ողջ անձնակազմին անմնացորդ նվիրումի և ներկայացումն իրականություն դարձնելու համար, ինչպես նաև  ուրախությամբ ընդգծել՝ թատրոնը ջանացել է ամանորին  ընդառաջ եւս մեկ հետաքրքիր ներկայացմամբ համալրել  խաղացանկը։ էմին Թորոսյանը հույս է հայտնել, որ հետաքրքիր մտահաղացումները, լուսային և ձայնային ինքնատիպ լուծումները կնպաստեն, որպեսզի ներկայացման  կարեւոր ասելիքը էլ ավելի պարզ կերպով հնարավո­ր լինի հասցնել պատանի հանդիսատեսին։