Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունն արտոնյալ պայմաններ սահմանեց գյուղատնտեսական լիզինգի համար

Կառավարությունն արտոնյալ պայմաններ սահմանեց գյուղատնտեսական լիզինգի համար
Տնտեսություն
13:29, 11 февраль 2021
Այսօր կառավարությունն ընդունեց ՀՀ կառավարության մի շարք որոշումներով սահմանված վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն չափ և արտոնյալ պայմաններ սահմանելու մասին որոշում։

«Լիզինգի ծրագիը» վերաբերվում է գյուղատնտեսական տեխնիկա և ագրովերամշակման սարքավորումներ ձեռք բերելու պրոցեսում շահառուներին աջակցություն ցուցաբերելուն։ Այս աջակցությունը  արտահայտվում է լիզինգի տոկոսների սուբսիդավորմամբ։ 

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշեց, որ խնդիր ունեն գյուղատնտեսության զարգացման ու աջակցման ծրագրերը դարձնել ավելի արդյունավետ, և, որ բովանդակային էական փոփոխություններ են կատարել գյուղատնտեսության աջակցման գործիքակազմում։ «2020 թվականին մենք ունենք ընդամենը 2 ոլորտ, որտեղ աճ է գրանցվել և դրանցից մեկը հենց գյուղատնտեսությունն է։ Օրինակ՝ 2020 թվականի ընթացքում Լիզինգի ծրագրով ծախսվել է շուրջ 9 միլիարդ դրամ, 576 շահառուի կողմից ձեռք է բերվել 950 միավոր տեխնիկա։ Սա բավականին մեծ թիվ է ՀՀ-ի համար»,- նշեց վարչապետը։
ՀՀ ֆինանսների նախարարը Ատոմ Ջանջուղազյանն այս հարցի հետ կապված նշեց, որ սուբսիդավորումը չի կարող դիտարկվել՝ որպես մշտական գործիք և, եթե արտադրանքի մրցունակությունը միայն դրանով է կանխորոշված, ապա սա արտադրողականության բարձրացման տեսակետից կվերածվի մեծ ռիսկի։

«Մենք, ճիշտն ասած, հարց էինք ձևակերպել, թե ինչով է պայմանավորված լիզինգի տոկոսադրույքը 0 տոկոս դարձնելը և պատասխան փաստարկը եղել է այն, որ շարունակում ենք անցյալ տարվա հակաճգնաժամային միջոցառումներից երկրորդի տրամաբանությունը։ Ուզում եմ ուղղակի մի արձանագրություն անել, որ անցյալ տարի կանխատեսվում էր անկում։ Այն ժամանակ, երբ այդ միջոցառումն ընդունվեց, շատերը կանխատեսում էին առնվազն երկնիշ անկում, մինչդեռ, վերջնական ճշգրտումների արդյունքում մոտավորապես 8 տոկոս է սպասվում անկումը, իսկ 2021 թվականին, ընդհակառակը՝ աճ է կանխատեսված և, հետևաբար, նույն քաղաքակության գործիքի կիրառությունը պետք ա հիմնավոր լինի»,- նշեց Ջանջուղազյանը։ 

Ըստ նախարարի՝ այս որոշման ընդունմամբ պետք է նաև որոշակիացնել դրա դիմաց ակնկալվող արդյունքները․ - «Որովեհտև այն սպասումները, որ կարող են առաջանալ գյուղացիական տնտեսությամբ զբաղվողների մոտ, որ սա հավերժ շարունակվելու է, որևէ տեղ չտանող ճանապարհ է»։

Ջանջուղազյանի խոսքով՝ լավ կլինի, որ հիմա նաև ունենանք սպասվելիք մյուս տարիների միջոցառումների մտադրությունների առնվազն հայտարարությունը, որպեսզի մյուս կողմը վերածվի ինստիտիուցիոնալ ներդրողի, այսինքն՝ կառավարության վարքագծի կանխատեսման արդյունքում կարողանա որոշումներ կայացնել, թե ինչպիսի ներդրումներ և որտեղ պետք է ներկայացնի․ - « Շատ էական է, որ մեր վարքագիծը կանխատեսելի լինի։ Լավ կլինի, որ հստակ ունենանք մեր այդ միջնաժամկետը, թե երբ է ինչը դադարեցվելու, կամ փոխվելու»։

Սյուզի Սիրականյան