Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե կորոնավիրուսը չվնասի՝ ապրիլից էական բարելավում կտեսնենք տուրիզիմի ոլորտում»․ Էկոնոմիկայի նախարար

«Եթե կորոնավիրուսը չվնասի՝  ապրիլից էական բարելավում կտեսնենք տուրիզիմի ոլորտում»․ Էկոնոմիկայի նախարար
Տնտեսություն
13:39, 12 март 2021
«Ուտելիքի գներն ամբողջ աշխարհում կտրուկ բարձրացել են եւ դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, եւ գների վրա էական է։ Կենտրոնական բանկը եւ Կառավարությունը աշխատում են այդ ուղղությամբ, որ զսպեն գնաճը», - այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ Կենտրոնական բանկը գործիքակազմ ունի, որը կիրառվում է, եւ, բնականաբար, պետք չէ խուճապահար լինել մի ամսվա կտրուկ գնաճից։ «Եթե մենք նայենք տեսնենք ինչ  է տեղի ունենում աշխարհում, շատ վատ է, որ գնաճ է տեղի ունենում, բայց պետք է հասկանալ, թե որոնք են դրանց ֆունդամենտալները»։

«Ես վստահ եմ, որ ԿԲ մեր գործընկերները իրենց հսկողության տակ են պահում եւ արագ արձագանքում են գնաճին։ Ես վստահ եմ, որ հաջորդ ամիս կգրանցվի ավելի դրական դինամիկա։ Այսինքն՝ գնաճի վերադարձը թիրախային միջակայք», - ասել է Քերոբյանը։

Անդրադառնալով զբոսաշրջային ընկերությունների՝ կորոնավիրուսի հետևանքով կրած վնասներին, Քերոբյանն ասաց․ «Մենք արդեն տեսնում ենք վերականգնում տուրիստական ոլորտի որոշ ենթաճյուղերում, օրինակ՝ հանրային սննդի մասում, իսկ մյուս մասերում, որտեղ վերականգնումը դեռ չկա՝ Կառավարությունը այդտեղ շարունակում է իր օժանդակությունը»։ 

Քերոբյանը կիսվել է նաեւ լավ լուրով։ Ըստ նրա՝  ապրիլ ամսից արդեն էապես ավելացել են ամրագրումների քանակը հյուրանոցներում։ «Հույս ունենալով, որ կորոնավիրուսի ազդեցությունը չի վնասի դրան՝ մենք կարծում ենք, որ ապրիլից սկսած մենք էական բարելավում կտեսնենք տուրիզիմի ոլորտում»․- հավելել է նա։