Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե կարողանայինք ստեղծել պետության անվտանգության ավելի կանխատեսելի տրամադրություններ, բիզնեսն ավելի ոգեշնչված ու վստահ կարող էր կատարել իր ներդրումները». տնտեսագետ

«Եթե կարողանայինք ստեղծել պետության անվտանգության ավելի կանխատեսելի տրամադրություններ, բիզնեսն ավելի ոգեշնչված ու վստահ կարող էր կատարել իր ներդրումները». տնտեսագետ
Տնտեսություն
17:48, 03 январь 2022
«2021 թվականը լավ ամփոփեցինք, վատ չեղավ, ավելի լավ արդյունքներ կարելի էր սպասել։ Մի առիթով ասել եմ, որ եթե կարողանայինք ստեղծել ավելի կանխատեսելի տրամադրություններ՝ պետության անվտանգության տեսանկյունից, ապա բիզնեսն ավելի ոգեշնչված, ավելի վստահ կարող էր կատարել իր ներդրումները, որովհետև շատերը սպասողական վիճակում էին։ Հիմա խոսվում է, որ տարին ամփոփեցինք 5 տոկոս աճի պայմաններում, կարող էինք անգամ 10 տոկոս ապահովել, ուղղակի, չնայած ուղղված ջանքերին, այդ թվում՝ Կառավարության կողմից, նշվում էր, որ անվտանգային ռիսկեր կան, և այդ իրավիճակը խանգարեց։  Եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, կարծում եմ՝ կորոնավիրուսը անցողիկ կլինի, տարածաշրջանային կոնֆլիկտներ չլինեն, 2022 թվականին ավելի լուրջ առաջընթաց կունենանք, որովհետև պետական ծրագրերը, որոնք նախանշված են գալիք  5 տարիների համար, այդ ծրագրերի «առյուծի բաժինը» 2022 թվականի ընթացքում է»,- այս մասին ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը և նշեց, որ Հայաստանի զարգացման պոտենցիալը հաճախ չի իրացվում այն պատճառով, որ տարբեր պաշտոնյաների աշխատանքը այնքան էլ արդյունավետ չէ, և պետք է այնպիսի բարեփոխումներ իրականացվեն, որպեսզի տարբեր անձերի դերակատարությունը  այնպիսին լինի, որ Հայաստանի զարգացման պոտենցիալը արտահայտվի։ 

Գագիկ Մակարյանը առանձնացրեց հատկապես Պետական գնումների օրենքում եղած բացերը,  մասնավորապես, ամենացածր գին առաջարկելու մասին դրույթը պետք է փոխվի։ Հաջորդ խնդիրը, ըստ տնտեսագետի, Հարկային օրենսդրությունն է, որը պետք է փոխվի։ «Գործող օրենսդրությամբ՝ բիզնեսն անընդհատ պաշտպանվող, արդարացող, իր անմեղությունը ապացուցող փիլիսոփայությամբ է աշխատում։ Օրենսդրությունը ուղղված չէ տնտեսության զարգացմանը։ Նույն Աշխատանքային օրենսգրքում ևս կան բազմաթիվ խոչընդոտներ», - նկատեց Գագիկ Մակարյանը։ 

Պետական պաշտոնյաների միամտությունը, թույլ մենեջմենթը, թույլ պրոֆեսիոնալիզմը, ապագան հաշվարկելու, տեսնելու, մի քանի քայլ առաջ տեսնելու ընդունակության բացակայությունը կամ կարողությունների թուլությունը, տնտեսության մասին չիմանալը, ըստ մասնագետի, բերում են տարբեր խոչընդոտներ։ 

Գագիկ Մակարյանը ցանկություն հայտնեց նաև, որ 2022 թվականին վերջապես կարողանանք կանգ առնել այն հիմնական ռազմավարության վրա, որը թույլ կտա կրթական համակարգը շեշտակիորեն մոտեցնել աշխատաշուկայի պահանջներին։ «Պատկերացրեք, որ մեր վերջին վերլուծությունները ցույց են տվել, որ ամենաառաջին խոչընդոտների շարքում, բացի պետական  անվտանգության երաշխիքներից, բիզնեսը նշում է նաև մասնագետների դեֆիցիտը, նրանց անհամապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին և այլն։ Այսինքն՝ մի օր կգա, երբ կրթությունը ուղղակի կարգելափակի մեր պետության զարգացումը։ Որքան տնտեսությունը զարգանա, այնքան պետք է կադրեր վերցնի աշխատաշուկայից, բայց այդ կադրերը շուկա չեն մտնում»,- ասաց Գագիկ Մակարյանը։ 

Վովա Հակոբյան