Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևան և Գավառ քաղաքներում, պատճառները մի քանիսն են. տնտեսագետ

Գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևան և Գավառ քաղաքներում, պատճառները մի քանիսն են. տնտեսագետ
Տնտեսություն
10:35, 05 январь 2022
«2021 թվականն ամբողջ աշխարհի համար կարելի է համարել աճի տարի, եթե  հաշվի առնենք 2020 թվականի կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդական, տնտեսագետ Համլետ Մկրտչյանը։

Նա նշեց, որ համաշխարհային տնտեսության վերականգնումը շարունակվում է, նույնիսկ, երբ համավարակը նորից վերածնվում է, և սպասվում է, որ «քովիդ 19-ը» ավելի մեծ ու երկարատև կյանք կունենա. «դելտա» շտամի արագ տարածումը, ինչպես նաև «օմիկրոն» շտամի հայտնաբերումը և նոր տարբերակների սպառնալիքը մեծացրել են անորոշությունը, թե որքան արագ համավարակը հնարավոր է հաղթահարել։ 

«Աշխարհի երկրների կառավարությունների կողմից տնտեսական քաղաքականության ընտրությունն էլ ավելի դժվար է դարձել՝ պայմանավորված մի քանի հանգամանքներով և մարտահրավերներով, մասնավորապես զբաղվածության ցածր աճ, գնաճ, պարենային ապահովության խնդիրներ, մարդկային կապիտալի վրա բացասական ազդեցության մեղմացման հարցեր և այլն։ Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հոկտեմբեր ամսվա զեկույցի՝ կանխատեսվում է, որ համաշխարհային տնտեսությունը 2021 թվականին կաճի 5,9 տոկոսով, իսկ 2022 թվականին՝ 4,9 տոկոսով։ Նախատեսվում է, որ 2022 թվականից հետո գլոբալ աճը միջնաժամկետ կտրվածքով կնվազի մինչև մոտ 3,3 տոկոս։ Համաշխարհային արտադրության ծավալը 2021 թվականին կաճի 6 տոկոսով անցյալ տարվա 2,2 տոկոս անկումից հետո, իսկ 2022 թվականին կկրճատվի մինչև 4,9 տոկոսո։ Կնվազի նաև զարգացող երկրների աճի կանխատեսումը մինչև 6,3 տոկոս՝ ապրիլին կանխատեսվող 6,7 տոկոսի համեմատությամբ»,- ասաց տնտեսագետը։

Խոսելով Հայաստանի Հանրապետության տնտեսության մասին՝ Համլետ Մկրտչյանն ասաց, որ Արժույթի միջազգային հիմնադրամը ՀՀ-ում 2021 թվականին կանխատեսել է  8 տոկոս գնաճ, իրական ՀՆԱ-ի աճը կկազմի 6,5 տոկոս, իսկ 2022 թվականին՝ 4,5 տոկոս, ընթացիկ տարվա վերջին Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կկազմի 8 տոկոս, իսկ 2022 թվականին՝ 5,2 տոկոս, և աստիճանաբար նվազելով կհասնի այդ թիրախային՝ 4 +-1,5 տոկոս ցուցանիշին։ Նա նաև նշեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ ՀՀ-ում գործազրկության մակարդակը 2021 թվականին կկազմի 18,5 տոկոս, միչդեռ 2022 թվականին կնվազի՝ կազմելով 18,3 տոկոս։ 
«Նշեմ նաև, որ ՀՀ-ի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը, եթե 2021 թվականի նոյեմբերը համեմատենք 2020 թվականի նոյեմբերի հետ, կազմել է 9,6 տոկոս, իսկ նախորդ ամսվա՝ 1,7 տոկոսը։ 2021 թվականի հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0,5 տոկոս։ Հանրապետությունում դիտարկվող բոլոր քաղաքներում 2021 թվականի նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 1,3-1,8 տոկոսով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևան և Գավառ քաղաքներում։  Եվ քանի որ ՀՀ տնտեսությունը հիմնականում ներմուծող հիմքի վրա տնտեսություն է, պայմանավորված է համաշխարհային շուկայում մեծ պահանջարկով, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ամբողջ համաշխարհային տնտեսությունում փակվել էին բոլոր արտադրությունները, լոգիստիկ տրանսպորտային միջոցները նույնպես կանգնել էին, և երբ մեծ պահանջարկն առաջացավ, ըստ էության այդ պահանջարկը բավարարել էր պետք, դրա համար արդյունքում առաջացավ գնաճը։ Քանի որ ներկա պահին պահանջարկը գերակշռում է առաջարկին՝ լոգիստիկ խնդիրները նույնպես այստեղ ունեն իրենց դերը»,- ասաց Համլետ Մկրտչյանը։  

Տնտեսագետի խոսքով՝ այստեղ նաև Լարսի անցակետի խնդիրը կա։ Նա նշեց, որ Լարսը նույնպես եղանակային պայմանների պատճառով փակվում-բացվում է և ոչ ստաբիլ վիճակում է, սակայն գիտենք, որ Վրաստանի կառավարությունը նախատեսում է նոր թունելի կառուցում  այլընտրանքային Լարսին, որը մեզ համար շատ կարևոր տարանցիկ ուղղություն է, և նոր կառուցվող թունելը կամ նոր կառուցվող ճանապարհահատվածը կլինի ավելի հուսալի, և եղանակով պայմանավորված նման փակումները նվազագույնի կհասցվեն։
Այս համատեքստում տնտեսագետը նշեց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև այդ շփումները, որ տեղի են ունենում՝ կապված տրանսպորտային ապաշրջափակման հետ, նույնպես իրենց դրական ազդեցությունը կունենան նշված խնդիրների լուծման հարցում, մասնավորապես ապրանքների տրանսպորտային  բեռնափոխադրումների համատեքստում, և թեև գործընթացը նոր է, և հստակ հաշվարկները դեռևս իրականացման փուլում են, սակայն պետք է նշել, որ ապաշրջափակումը կբերի մոտավորապես մինչև 30 տոկոս բեռնաշրջանառության գների նվազման։ 
«Նույնը կարելի է նշել Հայաստան-Իրան սահմանային համատեքստում։ Մենք գիտենք, որ կառավարությունը նախատեսում է շուրջ 400 միլիոն դոլարի մրցութային փաթեթ, որպեսզի վերակառուցվեն 12 կամուրջներ և 9 թունելներ Սյունիքի մարզում, ինչն ըստ էության նույնպես բեռնաշրջանառության համար ֆինանսական տեսանկյունից կլինի ավելի ձեռնտու։ Եվ այս համատեքստում ես մյուս կետին պետք է անդրադառնամ. խոսքը Հայաստան-Թուրքիա սահմանի մասին է: Ինչպես մամուլից տեղեկանում ենք, Հայաստանի և Թուրքիայի կառավարությունները նախատեսում են քննարկումներ՝ հարաբերությունների հաստատման համատեքստում, որում, իմ կարծիքով,  նաև կընդգծվի և կկարևորվի ճանապարհային ապաշրջափակման հարցը։ Եվ դա նույնպես դրական ազդեցություն կունենա այդ բեռնաշրջանառության վրա՝ ծախսումների նվազման տեսանկյունից»,- ասաց տնտեսագետը։ 

Խոսելով նաև ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող 2,6 միլիարդ եվրոյի մասին՝ տնտեսագետն ասաց, որ այդ գումարները նախատեսվում է, որ 2022 թվականի տարեսկզբից՝ հունվար-փետրվարից, արդեն կգան ՀՀ։ 

Խոսելով, թե ինչի վրա են ծախսվելու այդ գումարները, տնտեսագետը նշեց մի քանի ուղղություններ։  

Նրա խոսքով՝ առաջին ուղղությունը փոքր ու միջին բիզնեսին աջակցությունն է, որտեղ կառավարությունն ավելի շատ կարևորելու է փոքր ու միջին բիզնեսի նորարարական մոտեցումներով ընկերություններին աջակցության տրամադրումը։

«Այս կետով ուզում եմ նշել, որ կառավարության 2021-26 թթ. ծրագրով, ինչպես նաև դրանից բխող միջոցառումների ծրագրով, կառավարությունը նախատեսում է մինչև 2026 թվականը փոքր ու միջին ձեռներեցության բաժինը ՀՆԱ-ում հասցնել շուրջ 55 տոկոսի։ Զարգացած երկրներում դրանք հասնում են 65-70 տոկոսի, երկրներ կան՝ նույնիսկ 75 և ավելի տոկոսի։ Ըստ էության կառավարությունը գնում է այդ քայլին, որպեսզի ադ փոքր ու միջին ձեռներեցության տեսակարար կշիռը ՀՆԱ-ի կառուցվածքում մեծացնի»,- ասաց տնտեսագետը։ 

Հաջորդ ուղղությունը, տնտեսագետի խոսքով, հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումն է: Սյունիքի մարզում պետք է իրականացվեն սահմանային կահավորանք և նմանատիպ այլ գործընթացներ, որպեսզի հարավային շրջանն ավելի կայուն և ավելի դիմակայուն լինի։ 

Տնտեսագետը նշեց, որ հաջորդ ուղղությունը հյուսիս-հարավն է, որը նույնպես կապված է հարավի հետ, և դա ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է հաստատում  ՀՀ-ի համար, նաև Սիսիան-Ագարակ հատվածի մրցույթն է հայտարարվելու, և ԵՄ-ի այդ փաթեթով շուրջ 600 միլիոն եվրոյի աջակցություն է ցուցաբերվելու։ 

«Հաջորդ ուղղությունը գիտության, տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտին է վերաբերում։ Գիտենք, որ այս տարի կառավարությունն աննախադեպ չափով ավելացրել է գիտության ոլորտի ֆինանսավորումը, ինչը շատ ողջունելի է, քանի որ գիտության քարշող ուժը, գիտությունը զարգացնողը գիտնականներն են։ Եվ այդ գումարներն ուղղվելու են կրթության ոլորտին, կրթական ծրագրերին: Նաև գիտենք, որ գիտության զարգացման համատեքստում Հայաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը, որում շուրջ 100 միլիարդ եվրո բյուջե ունեցող ծրագիր կա, և մեր հայ գիտնականները, հայ գիտական խմբերը նույնպես կարող են դիմել և շահել այդ մրցույթներում ու մասնակցել այդ գիտական ծրագրերի իրականացմանը»,- ասաց Համլետ Մկրտչյանը։

 Ի հավելումն տնտեսագետը նշեց, որ այս փաթեթում էապես կարևորում է մանկապարտեզների, դպրոցների կառուցումը, որոնք կառավարությունն իր ծրագրում նույնպես գերակա է համարել և նախատեսում է, որ մինչև 2026 թվականը կառավարությունը կվերակառուցի, կվերանորոգի կամ կհիմնանորոգի 300 դպրոց և շուրջ 500 մանկապարտեզ։ 
                                  
Լիլիթ Թադևոսյան