Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ը որոշել է իր կրիպտոարժույթի հետ ամբողջ աշխարհում տարածել նաև հայկական «Զանգին»

Միավորված ազգերի կազմակերպությունը որոշել է իր կրիպտոարժույթի հետ ամբողջ աշխարհում տարածել նաև հայկական «Զանգին»: Ստեղծվող կրիպտոարժույթի համար հայկական հավելվածը ծառայելու է որպես դրամապանակ:

Վահրամ Մարտիրոսյան («Զանգի» ընկերության հիմնադիր) - Մեզ կտա մեծ տարածվածություն դրանով, այսինքն՝ անուն, համաշխարհային անուն, ավելի կբարձրանա մեր անունը, իսկ երկրի համար՝ Հայաստանի Հանրապետության համար, ևս մեկ անգամ կշեշտվի, որ Հայաստանը տեխնոլոգիական տերություն է:

Ընկերության հիմնադրի խոսքով՝ ՄԱԿ-ն ընտրել է հենց իրենց հավելվածը՝ հաշվի առնելով երկու հիմնական առավելություն:

Վահրամ Մարտիրոսյան - Նախ՝ անվտանգության մասով, մենք բավական լուրջ լուծումներ ունենք, որոնք թույլ են տալիս ապահովել անվտանգությունը բարձր մակարդակում: Երկրորդ առավելությունը, որ այդտեղ «Զանգին» բացարձակ առաջատար է, վատ ինտերնետով, տարբեր պայմաններում աշխատելու ունակությունն է:

Նախատեսվում է ծրագիրը մեկնարկել 2022 թվականի առաջին կեսին, իսկ մինչ այդ հայկական ընկերությունն ընդլայնում է համաշխարհային լսարանը: Օգտատերերի ներհոսք կա նույնիսկ Լատինական Ամերիկայից:

Վահրամ Մարտիրոսյան - Աճը լրիվ օրգանիկ է, մենք ոչ մի գովազդային արշավ չենք իրականացրել, սկսած Մեքսիկայից՝ մինչև Լատինական Ամերիկա ունենք դրական դինամիկա: Երբ խոսում ենք մեր օգտատերերի հետ Լատինական Ամերիկայում, հասկանում ենք, որ առկա է «Զանգիի»՝ ամենուր աշխատելու հնարավորության գործոնը:

8 տարվա ընկերությունն ունի շուրջ 7 մլն օգտատեր: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը նկատում է՝ Հայաստանում այն դեռևս գրավիչ չէ:

Արթուր Պապյան (տեղեկատվական անվտանգության փորձագետ) - Զանգիի օգտատերերը ավելի շատ ասիական երկրներից են, այնպես որ, եթե մարդը մեկ-երկու անգամ մտավ ու իր ամենակարևոր ընկերներին այնտեղ չգտավ, նա այնտեղ երկար չի մնալու:

Դիտարկմանն ի պատասխան՝ «Զանգիից» նշում են՝ իրենց թիրախը համաշխարհային լսարանն է:

Վահրամ Մարտիրոսյան - Հաշվում ենք, որ հայկական շուկան ընդամենը մի փոքր մասն է միջազգային շուկայի. մեր հաջողությունը միջազգային շուկայում ինքնըստինքյան կբերի հաջողության նաև հայկական շուկայում:

Հայկական տեխնոընկերության ստեղծողները նախատեսում են ընդլայնել «Զանգիի» հնարավորությունները, արդեն փորձարկման փուլում է հավելվածի համակարգչային տարբերակը: