Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի ամենաթանկ և ամենաէժան բնակարանները. ԱՎԾ-ի տվյալներով՝ բնակարանների գները նախորդ տարվա համեմատ նկատելի աճել են

Հայաստանի ամենաթանկ և ամենաէժան բնակարանները. ԱՎԾ-ի տվյալներով՝ բնակարանների գները նախորդ տարվա համեմատ նկատելի աճել են
Տնտեսություն
15:47, 11 январь 2022
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն  տվյալներ է հրապարակել  ՀՀ անշարժ գույքի շուկայի վերաբերյալ, համաձայն որի՝ նկատելի բարձրացել են թե՛ մայրաքաղաք Երևանի, թե՛ ՀՀ մյուս քաղաքների բնակարանների գները:  

Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների այս պատկերն ունեն.
Կենտրոնում 2021 թ. նոյեմբերի դրությամբ 10 քառ. մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը կազմել է 672 հազար 300 դրամ, իսկ ահա  նախորդ՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել է 610 հազար 300 դրամ: 

Արաբկիրում  2021 թ. նոյեմբերի դրությամբ այդ գինը կազմել է 475 հազար դրամ՝ 2020-ի 438 հազարի փոխարեն, Քանաքեռ-Զեյթունում՝  350 հազար 50 դրամ՝ 2020-ի 316 հազարի փոխարեն, Նոր Նորքում՝ 312 հազար 500 դրամ՝ 2020-ի 290 հազարի փոխարեն: 
Նկատելի բարձրացել են նաև մյուս վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի գները: Մասնավորապես Ավանում 2021 թ. նոյեմբերի դրությամբ  այդ գինը կազմել է 310 հազար 500 դրամ, Էրեբունիում՝ 307 հազար 300  դրամ, Շենգավիթում՝ 322 հազար 300 դրամ, Դավթաշենում՝  345 հազար դրամ, Աջափնյակում՝ 335 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 310 հազար դրամ, Նուբարաշենում՝ 189 հազար դրամ: 

Ըստ գոտիների՝ մայրաքաղաքի բնակարանների գներն ունեն հետևյալ պատկերը. մասնավորապես Կենտրոնի 1-ին գոտում  բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը 2021 թ. նոյեմբերի դրությամբ կազմել է 830 500 դրամ, 5-րդ գոտում՝ 425 հազար  դրամ: Արաբկիրի 3-րդ գոտում՝ 525 հազար  դրամ, 7-րդ գոտում՝ 350 հազար  դրամ:  Ամենաէժան բնակարանները Նուբարաշենում են, մասնավորապես 10-րդ գոտում բնակարան կարելի է ձեռք բերել միջինում  200 հազար  դրամով, 11-րդ գոտում՝ 183 հազար 500 դրամով:
 
Բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն  ըստ քաղաքների ունեն  հետևյալ պատկերը.
1 քառ. մ մակերեսի հաշվարկով  շուկայական միջին գինը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում ամենաբարձրն է՝  322 հազար 300 դրամ, ամենաէժանը՝ Լոռու մարզի Թումանյան քաղաքում է՝ 21  հազար դրամ: Թումանյանից հետո համեմատաբար  էժան բնակարաններ կարելի է գնել  Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ 36 հազար 100 դրամով: Նկատենք, որ 2020 թվականի նոյեմբերի համեմատ այդ գինը հազար դրամով նվազել է:  

Արարատի Արտաշատ քաղաքում բնակարանները նկատելի թանկացել են 2020-ի համեմատ:  Այստեղ 2021-ի նոյեմբերի դրությամբ բնակարան կարելի է գնել 147 հազար 100 դրամով  (2020-ի նոյեմբերին այդ գինը 128 500 դրամ էր), Արմավիրի Վաղարշապատ համայնքում՝ 180 հազար 100 դրամով (2020-ի նոյեմբերին 160 հազար 200 դրամ էր),Գեղարքունիքի Մարտունի քաղաքում՝ 103 հազար  500 դրամով: Լոռու մարզում ամենաթանկ բնակարանները Սպիտակում են՝ 105 հազար դրամ: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում բնակարանների գինը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է  120 հազար դրամ՝ ամենաթանկը մարզի մյուս քաղաքների համեմատ:  Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքում  բնակարաններն ամենաթանկն են՝ 118 հազար 500 դրամ, Տավուշի մարզի ամենաթանկ բնակարանները Դիլիջանում են՝ 132 հազար դրամ: Նկատենք, որ 2020-ի նոյեմբերին այդ գինը 119 հազար դրամ էր: 

2020 թվականի համեմատ նկատելի թանկացել են նաև ՀՀ Սյունիքի մարզի քաղաքների բնակարանները՝ բացառությամբ Սիսիանի: Այստեղ 2020-ի նոյեմբերին բնակարանի մեկ քառ. մ-ի համար պետք էր վճարել 83 հազար դրամ, 2021 թ. նոյեմբերին՝ հազար դրամով պակաս՝ 82  հազար դրամ:  Կապանում 2021-ի նոյեմբերի դրությամբ բնակարան կարելի էր  գնել 117 հազար հարյուր դրամով (2020-ի նույն ժամանակահատվածում այդ գինը 115 հազար 100 դրամ էր), Գորիսում՝ 143 հազար 500 դրամով, Մեղրիում՝ 105 հազար 50 դրամով, Քաջարանում՝ 101 հազար դրամով: