Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ-ն և Համաշխարհային բանկը Հայաստանում մաքսային գործընթացների բարելավման ծրագիր են իրականացնում

ՊԵԿ-ն և Համաշխարհային բանկը Հայաստանում մաքսային գործընթացների բարելավման ծրագիր են իրականացնում
Տնտեսություն
20:35, 11 январь 2022
Տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը, որին մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ: «Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել ՏՏ համակարգերի տեխնիկական առաջադրանքների մշակման գործընթացին, առավել արդյունավետ դարձնել մաքսային վարչարարության գործընթացները, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների շրջանում իրականացնել հարցումներ` պարզելու վերաբերմունքը մաքսային վարչարարության և մատուցվող ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև անցկացնել մաքսային մարմնի աշխատակիցների համար ուսումնական դասընթացներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված կլինեն մաքսային գործընթացների և տեղեկատվության փոխանակման ավտոմատացմանը, ՊԵԿ վերլուծական կարողությունների զարգացմանը, ԱՏԳ մասնակիցներին մատուցվող ծառայությունների բարելավմանը և սահմանային անցման կետերում գործառույթների վերանայմանը:
Նշվում է, որ այդ վեցամսյա ծրագիրն ավարտվելու է 2022 թվականի ապրիլի սկզբին: