Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ պատվիրատուները, հնարավոր է, հրաժարվեն ադրբեջանական անցակետին 260 դոլար վճարելուց, որովհետև գիտեն` Տաթևի ճանապարհը գործող է. «ԻրանԻմպորտ» ընկերության տնօրեն

Հայ պատվիրատուները, հնարավոր է, հրաժարվեն ադրբեջանական անցակետին 260 դոլար վճարելուց, որովհետև գիտեն` Տաթևի ճանապարհը գործող է. «ԻրանԻմպորտ» ընկերության տնօրեն
Տնտեսություն
15:23, 15 январь 2022
Հայ ներմուծողներն իրանցի վարորդներին 260 դոլար գումար են վճարում` Գորիս-Կապան ճանապարհով անցնելու համար, որտեղ տեղակայված է ադրբեջանական անցակետ. 130 դոլար՝ ՀՀ ապրանք բերելու, 130 դոլար՝ Իրան վերադառնալու համար:

«Այսինքն՝ Իրանից ապրանք ներկրող հայ գործարարներն են այդ գումարը վճարում, որը, բնականաբար, ազդում է ապրանքի ինքնարժեքի վրա»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «ԻրանԻմպորտ» ընկերության գործադիր տնօրեն Ստելլա Աթոյանը:  

Գործադիր տնօրենի խոսքով` այդ վճարը, որպես փոխանցում, որևէ տեղ չի երևում . ադրբեջանցիները իրանցի վարորդին տալիս են կտրոն, որի հիման վրա վարորդը վճարում է, և երբ հասցնում է ապրանքը հայ գործարարին նրանից վերցնում է 260 դոլար, որովհետև Իրան հետ գնալիս պետք է ևս 130 դոլար վճարի անցակետում:  Ստելլա Աթոյանն ընդգծեց, որ «ԻրանԻմպորտ» ընկերությունը միջնորդ է հանդիսանում հայ ներմուծողների և իրանցի արտադրողների միջև և հավելեց, որ Հայաստանից արտահանման առաջարկ, ցավոք, քիչ ունեն:  

Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհին տեղակայված ադրբեջանական անցակետը շրջանցող այլընտրանքային ճանապարհին` գործադիր տնօրենը նշեց, որ այդ ճանապարհով ևս անցնում են վարորդները, բայց Տաթևի ճանապարհից բողոքներ են հնչում. «Խնդիրը Տաթևի ճանապարհի նեղ լինելն է` 24 տոննա մեքենաները դժվար են անցնում, միայն 3 տոննա ֆորդերն են նորմալ անցնում: Վարորդների խոսքով` այլընտրանքային ճանապարհի խնդիրներից են նաև եղանակի մառախլապատ լինելն ու դեռևս ամբողջությամբ ոչ բարվոք վիճակը»:  

Ստելլա Աթոյանի դիտարկմամբ` առաջիկայում հնարավոր է հայ պատվիրատուները հրաժարվեն 260 դոլար վճարելուց, որովհետև գիտեն, որ Տաթևի ճանապարհը գործող է` այլընտրանքային ճանապարհով հնարավոր է անցնել: Թե երբ ամբողջությամբ պատրաստ կլինի Գորիս-Կապան ճանապարհը շրջանցող այլընտրանքային` Լծեն-Տաթև ճանապարհը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից մեզ տեղեկացրին, որ ճանապարհն այս պահին վերակառուցման փուլում է, և շինաշխատանքները կավարտվեն մինչև այս տարվա վերջ. «Կատարվում են հողային աշխատանքներ։ Մոտ 13կմ-ի հողային աշխատանքները գրեթե ավարտվել են։ Հողային աշխատանքները շարունակվում են մյուս 7 կմ-ի վրա:»։

Հիմնադրամից նշեցին նաև, որ ճանապարհը, որն անցնում է Սվարանց-Տաթև-Լծեն բնակավայրերի մոտով, անցանելի կլինի բոլոր տեսակի բեռնատար մեքենաների համար։

Նարա Մարտիրոսյան