Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանին SWIFT-ից անջատելը ծանր հետևանքներ կունենա ՀՀ բանկային համակարգի վրա

Ռուսաստանին SWIFT-ից անջատելը ծանր հետևանքներ կունենա ՀՀ բանկային համակարգի վրա
Տնտեսություն
17:04, 01 февраль 2022
Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր սանկցիաների կիրառման դեպքում բացասական ազդեցություն կլինի նաև Հայաստանի տնտեսության ու բանկային համակարգի վրա։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ ազդեցության չափը կախված կլինի նրանից, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվելու Ռուսաստանի նկատմամբ։

«Եթե վերաբերեն անհատներին, դա այլ հարց է, եթե սանկցիաները ներառեն նաև ֆինանսական հատվածը, բնականաբար Ռուսաստանում ամենայն հավանականությամբ տեղի կունենա ազգային արժույթի արժեզրկում, ինչի հետևանքով մենք մեր մրցունակությունը կկորցնենք ՌԴ տնտեսության հանդեպ։ Ֆինանսական հատվածից եկող ռիսկերը շատ ավելի մեծ են, որովհետև մեր հարաբերությունները սպասարկվում են նաև ռուսական բանկերի միջոցով։ Արդյոք այդ ռուսական բանկերի նկատմամբ որոշակի սահմանափակումներ կիրառելը նաև անդրադառնալո՞ւ է Հայաստանի վրա հայելային սահմանափակումներ դնելով, թե՞ ոչ։ Սցենարներ են, որոնք այս պահին անորոշություն են պարունակում»,- ասաց նա։

Տեղեկություն կա, որ Ռուսաստանին կարող են անջատել նաև SWIFT համակարգից։ Անդրադառնալով այս հարցին, թե ի՞նչ հետևանք կունենա դա Հայաստանի բանկային համակարգի վրա, ԿԲ նախագահը ասաց․ «Մեկ բառով պատասխանեմ՝ ծանր»։