Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճանապարհային խախտումները վերահսկելու՝ ոստիկանության մրցույթին մասնակցում է նաև պետությունից 210 մլն դրամ հափշտակության մեջ մեղադրվողների ընկերությունը

Ճանապարհային խախտումները վերահսկելու՝ ոստիկանության մրցույթին մասնակցում է նաև պետությունից 210 մլն դրամ հափշտակության մեջ մեղադրվողների ընկերությունը
Տնտեսություն
15:08, 11 февраль 2022
ՀՀ ոստիկանությունը ճանապարհային երթևեկությունը տեսանկարահանող և արագաչափ սարքերի սպասարկման համար գնումների մրցույթ կազմակերպելու նպատակով հունվարի 19-ին հրապարակել էր նախաորակավորման ընթացակարգ։ Մրցույթի հաղթողը տասը տարի սպասարկելու է ոստիկանությանը պատկանող ճանապարհային տեսանկարահանման սարքերը և արագաչափերը՝ հայտնաբերելու է խախտումները և ներկայացնելու է ոստիկանություն, սարքերը վնասվելու դեպքում փոխարինելու է նորերով, ինչպես նաև իրականացնելու է սարքերի տեխնիկական սպասարկումը։ 

«Հավատարմագրային կառավարման  ծառայությունների» ձեռք բերման նպատակով կազմակերպվելիք երկու փուլ մրցույթի հնարավոր մասնակիցների որոշման նպատակով կազմակերպված նախաորակավորման ընթացակարգին հայտ էին ներկայացրել 6 ընկերություն: 

2011թ. մինչ օրս ճանապարհային երթևեկությունը տեսանկարահանող և արագաչափ սարքերի սպասարկումն իրականացվում է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության կողմից, որը 2011 և 2018թթ. պայմանագրեր է կնքել «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերության հետ՝ պետությանը մատուցվելիք ծառայությունների, մասնավորապես՝ համակարգի սպասարկում իրականացնելու վերաբերյալ:
 
Այս անգամ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի կողմից հայտ չի ներկայացվել մրցույթին մասնակցելու համար։

Նշենք, որ այս ընկերության հիմնադիրներին՝ Ալեքսանդր և Գուրգեն Զաքարյաններին, մեղադրանք է առաջադրված պետությունից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար: ««Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիրների և ղեկավար աշխատողների կողմից պետությունից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հիմնադիրներ Գուրգեն և Ալեքսանդր Զաքարյանները և ընկերության մի շարք ղեկավար աշխատակիցներ ունեն մեղադրյալի կարգավիճակ, նախաքննությունը շարունակվում է»,- հայտնել են Քննչական կոմիտեից։  

Սակայն Ոստիկանության կազմակերպած այս նախաորակավորման ընթացակարգին հայտ ներկայացրած ընկերությունների շարքում է «Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ն (գրանցված 2011թ.), և ընկերության ներկայացուցիչը փաստաբան Տիգրան Գրիգորյանն է, որն աշխատում է նաև «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունում։

Civic․am-ի հետ զրույցում Տիգրան Գրիգորյանը նշեց, որ ինքն աշխատում է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության անձնակազմի կառավարման բաժնում, ինչպես նաև որպես փաստաբան՝ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության համահիմնադիր Գուրգեն Զաքարյանի ներկայացուցիչն է մեկ քաղաքացիական գործով։ 

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն դեռևս 2019թ. հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ պարզվել էր, որ «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունը նույնպես հիմնադրվել և փաստացի ղեկավարվում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության համահիմնադիրների կողմից: 

Տեսանկարահանող և արագաչափ սարքերի սպասարկման նախաորակավորման ընթացակարգին մասնակցել են նաև վերջին երկու տարում բացված «Սմարտ Բիլդինգ» ՍՊ (գրանցված 2021թ.) և «ԱԿՀ Լաբ» ՍՊ (գրանցված 2020թ.) ընկերությունները՝ համատեղ գործունեության պայմանագրով։ Նշենք, որ Ոստիկանության կազմակերպած նախաորակավորման ընթացակարգին այս ընկերությունների ներկայացուցիչը փաստաբան Արկադյա Գևորգյանն էր, որը ևս առնչություն ունի «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիրների հետ։ Փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց, որ զբաղվել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիրների պաշտպանությամբ, և տեսակետ հայտնեց, որ Ալեքսանդր և Գուրգեն Զաքարյաններին առաջադրված՝ պետությունից խոշոր չափերի հափշտակություն կատարելու գործը հիմնավոր չէ, հակառակ պարագայում տարիներով չէր ձգվի նախաքննությունը և կգնար դատարան։ 

Հարցին՝ «Սմարտ Բիլդինգ» ՍՊ և «ԱԿՀ Լաբ» ՍՊ ընկերությունների հիմնադիրները և՞ս Գուրգեն և Ալեքսանդր Զաքարյաններն են, փաստաբան Արկադյա Գևորգյանն արձագանքեց՝ այդ ընկերությունները բացարձակապես կապ չունեն «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիրների հետ։ 

Ոստիկանությունում փետրվարի 3-ին բացվել են  ճանապարհային երթևեկությունը տեսանկարահանող և արագաչափ սարքերի սպասարկման համար հայտ ներկայացրած 6 ընկերությունների փաթեթները։ Սակայն նախաորակավորման ընթացակարգն անցել են 4 ընկերություն։ 

Հայտ էին ներկայացրել ООО ЭРАДЖИПИЭС, «Հիբրիդ սիսթեմս» ՍՊ (գրանցված 2016թ.) և «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊ (գրանցված 2012թ.) ընկերությունները՝ համատեղ գործունեության պայմանագրով, «Արմտեկ» ՍՊ (գրանցված 2018թ.) և «Այթի էքսպերտիզա» ՍՊ (գրանցված 2017թ.) ընկերությունները՝ համատեղ գործունեության պայմանագրով, «Սմարտ Բիլդինգ» (գրանցված 2021թ.) և «ԱԿՀ Լաբ» ՍՊ (գրանցված 2020թ.) ընկերությունները՝ համատեղ գործունեության պայմանագրով, «Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ (գրանցված 2011թ.),  «Եվրոհոլդինգ» ՍՊ (գրանցված 2019թ.) և «ՍՌՍ Զվեզդա» ՍՊ (գրանցված 2004թ.) ընկերությունները՝ համատեղ գործունեության պայմանագրով։  

Տեխնիկական համապատասխանությանն առնչվող փաստաթղթերն ուսումնասիրելիս մերժվել է նախ «Եվրոհոլդինգ» ՍՊ և «ՍՌՍ Զվեզդա» ՍՊ ընկերությունների՝ համատեղ գործունեության պայմանագրով ներկայացված հայտը, իսկ մյուս ընկերություններին տրվել է մեկ աշխատանքային օր անհամապատասխանությունները շտկելու համար, որը չի կատարվել միայն ООО ЭРАДЖИПИЭС ընկերության կողմից, հետևաբար այդ ընկերության հայտը համարվել է անբավարար։ 

Սակայն մինչ ООО ЭРАДЖИПИЭС ընկերության հայտն անբավարար ճանաչելը փետրվարի 7-ին «Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ն բողոք է ներկայացրել Ոստիկանություն՝ պահանջելով պարտավորեցնել մրցույթը գնահատող հանձնաժողովին մերժել նաև ООО ЭРАДЖИПИЭС,  «Հիբրիդ սիսթեմս» ՍՊԸ և «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊԸ՝ համատեղ գործունեության պայմանագրով, «Արմտեկ» ՍՊԸ և «Այթի էքսպերտիզա» ՍՊԸ՝ համատեղ գործունեության պայմանագրով, «Սմարտ Բիլդինգ» և «ԱԿՀ Լաբ» ՍՊԸ՝ համատեղ գործունեության պայմանագրով ներկայացված հայտերը։  

«Սմարտ Բիլդինգ» և «ԱԿՀ Լաբ» ՍՊ ընկերությունները նույն օրը ևս դիմել են Ոստիկանություն՝ պահանջով՝ մերժել  ООО ЭРАДЖИПИЭС և «Արմտեկ» ու «Ալթի էքսպերտիզա» ՍՊ ընկերությունների ներկայացրած հայտերը։

Փետրվարի 14-ին Ոստիկանությունում քննարկվելու են «Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ի և «Սմարտ Բիլդինգ» և «ԱԿՀ Լաբ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ 

Հիշեցնենք, որ 2018թ. հեղափոխությունից հետո Քննչական կոմիտեն սկսեց քննել երթևեկությունը տեսանկարահանող և արագաչափ սարքերը սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների հիմնադիրների և աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու հանգամանքները։ 

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ միմյանց միջև կնքված նույն ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված պայմանագրի շրջանակներում 2017թ. փետրվար ամսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում կազմել են փաստացի չիրականացված և չմատուցված ծառայությունների վերաբերյալ ամսական կտրվածքով կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա էլ նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:

Դատահաշվապահական և դատաֆինանսատնտեսագիտական համալիր փորձաքննության եզրակացությամբ պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմում է 210.346.512 ՀՀ դրամ գումար:


Նարա Մարտիրոսյան