Քաղաքացիակենտրոն
լրատվություն

««Հյուսիսային հոսք-2»-ի կասեցման արդյունքում Ռուսաստանը կտուժի՝ մինչև կհարմարվի նոր իրավիճակին, սակայն դրանից կտուժի նաև Եվրոպան». Միքայել Մելքումյան

««Հյուսիսային հոսք-2»-ի կասեցման արդյունքում Ռուսաստանը կտուժի՝ մինչև կհարմարվի նոր իրավիճակին, սակայն դրանից կտուժի նաև Եվրոպան». Միքայել Մելքումյան
Տնտեսություն
18:41, 22 февраль 2022
Գերմանիայի  կառավարությունը ռուս-ուկրաինական հակամարտության սրման պայմաններում կասեցնում է «Հյուսիսային հոսք-2»-ի հավաստագրումը։

Մեկ տարի առաջ, սակայն, Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը Ռուսաստանի վրա ճնշման միջոց օգտագործելու որոշումը անխոհեմ է, քանի որ դա միայն «կվնասի Գերմանիայի տնտեսությանը»:
Հիշեցնենք, որ նախօրեին Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ-ն ճանաչում է ուկրաինական Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։

Տնտեսագետ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչ այս էլ էլի կային մասնակի սանկցիաներ, ինչը պայմանավորված էր Միացյալ Նահանգների կողմից թերթաքարային գազի, այսպես կոչված՝ այլընտրանքային ծավալի խոստումով դեպի Եվրոպա, բայց ստացվեց այնպես, որ ԱՄՆ-ն իր խոստումը չկատարեց, և այդ գազը տանկերներով  ուղարկեցին դեպի հարավարևելյան ասիական երկրներ, քանի որ այդ գազին այնտեղ ավելի բարձր գին էին տալիս։  

«Փաստորեն դուրս եկավ, որ Եվրոպան այդ խոստման հետևանքով պրոբլեմներ ունեցավ, և գազի գինը բարձրացավ մինչև 2000 դոլար, ապա իջավ մինչև 800 դոլար։ Հիմա բնական է, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ՝ այդ Լուգանսկի ու Դոնեցկի ճանաչման արդյունքում, բնական է, սանկցիաները պետք է ուժեղացվեին, և «Հյուսիսային հոսք-2»-ը այդ տրամաբանության մեջ է։ Այստեղ զարմանալու ոչինչ չկա»,- ասաց Միքայել Մելքումյանը։   

Անդրադառնալով հարցին, թե այս սանկցիաներից ավելի շատ կտուժի Ռուսաստա՞նը, թե՞ Արևմուտքը, Մելքումյանն ասաց, որ կարևոր է, թե ծավալներն ինչքան են, քանի որ Ռուսաստանը դեպի Արևմուտք գազ արտահանում է ոչ միայն «Հյուսիսային հոսք-2»-ով։ «Քանի դեռ ձմեռ է, ավելի շատ Եվրոպան կտուժի, իսկ ամռանը միգուցե Ռուսաստանը տուժի։ Բայց պետք է հասցեական նայենք։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիան իր ամբողջ գազը ստանում է Նորվեգիայից, Ֆրանսիան Ալժիրից է որոշ մաս ստանում, Թուրքիան ստանում է մասամբ Իրանից։ Լայն առումով, Եվրոպան գնում է կանաչ էներգետիկայի, բայց միևնույն է, առանց ռուսական գազի Եվրոպան չի կարող յոլա գնալ, որովհետև ածուխով ջերմակայաններ չի աշխատեցնում, և Ռուսաստանը մեծ ծավալի գազ է մատակարարում դեպի Եվրոպա։

Բնականաբար, ինչ-որ պահի Ռուսաստանը կարող է խնդիր ունենալ գազի մատակարարման ծավալների հետ, բայց միևնույն  է՝ Եվրոպան ավելի շատ է տուժելու։ Ռուսաստանի դեմ այնքան պատժամիջոցներ են կիրառել, որ ինքը ինքնապահովման քաղաքականության է անցել։ Եվրամիության  համար, չնայած այս պատժամիջոցներին, ամենամեծ առևտրատնտեսական գործընկերը մնացել է Ռուսաստանը»։ 

Ըստ Միքայել Մելքումյանի՝ Ռուսաստանը այս պատճառով ավելի ուրիշ ձևաչափեր է նախընտրում՝ Չինաստան, ԵԱՏՄ, Բրիքսի երկրներ։

Եթե այլ սանկցիաներ ևս կիրառվեն Ռուսաստանի նկատմամբ, ապա Ռուսաստանի համար ավելի ծանր կլինի, սակայն այլընտրանքներ միշտ գտնվում են։ Ամեն դեպքում, ըստ Միքայել Մելքումյանի,  երկու կողմերն էլ տուժելու են։ «Կարճաժամկետում Ռուսաստանը մի քիչ ավելի շատ կտուժի՝ մինչև հարմարվի։ Արդեն իսկ ռուսական ռուբլին բարձրացել է՝ 80-ից ավելի է, այսինքն՝ մինչև հարմարվի նոր իրավիճակին»,- եզրափակեց Միքայել Մելքումյանը։

Վովա Հակոբյան