Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկել է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկօրյա «Վենչուրային համաժողովը»

Մեկնարկել է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկօրյա «Վենչուրային համաժողովը»
Տնտեսություն
21:29, 11 февраль 2021
Փետրվարի 11-ին մեկնարկել է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկօրյա «Վենչուրային համաժողովը», որի ընթացքում «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի և «Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի մրցույթի նախընտրական փուլը հաղթահարած թիմերն ու ընկերությունները իրենց ամփոփիչ գործարար ներկայացումերով հանդես կգան գնահատող հանձնաժողովի առջև. տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Համաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Վիկտորիա Պողոսյանը բարձր է գնահատել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործունեությունը և նշել, որ ահռելի աշխատանք է կատարվել հիմնադրամի ողջ թիմի կողմից: «Բարձր տեխնոլոգիական ոլորտը նշանակալի դեր է խաղում Հայաստանի տնտեսական զարգացման գործում, և պետք է զարգանա հենց ձեր բերած գաղափարների և նորարարությունների միջոցով»,-դիմելով մասնակիցներին նշել է Պողոսյանը:
Դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել Երևանում և մարզերում գործող ընկերություններին՝ զարգացնել իրենց նորարարական և տեխնոլոգիական արտադրանքներն ու լուծումները, ինչպես նաև ուղղորդել դրանք` ի նպաստ տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացմանն, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան և այլն։ Ակնկալվում է, որ այս դրամաշնորհային մրցույթին ներկայացված ծրագրերը կնպաստեն նաև համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանը, հատկապես՝ առավել խոցելի ոլորտներում։

«Այս տեսակի մրցույթները մի կողմից կարևոր են այն առումով, որ հնարավորություն են ընձեռում այն ստարտափներին, որոնք իսկապես անելիք ունեն, ստանալ ֆինանսական աջակցություն և ավելի արդյունավետ աշխատել, իսկ մյուս կողմից՝ նաև փորձարկել իրենց գաղափարները այստեղ: Միևնույն է իրենք շատ հաճախ պետք է ներկայացնեն այս ամենը ներդրողներին՝ նրանց հավանությանը արժանանալու և ֆինանսներ ներգրավելու համար: Այստեղից ստացած հետադարձ կապի շնորհիվ իրենց գաղափարների ներկայացումը կդառնա շատ ավելի ներկայանալի»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Համաֆինանսավորվող դրամաշնորհների այս փուլի մրցույթի մասնակցության հայտ են ներկայացրել 77 թիմեր և կազմակերպություններ, որոնցից 25-ը՝ նախնական մասնագիտական գնահատման արդյունքում, անցել են մրցույթի հաջորդ փուլ և հնարավորություն ստացել հանդես գալու Վենչուրային համաժողովին։

Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթն իրականացվում է «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում՝ ՀՀ կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, և Համաշխարհային Բանկի աջակցությամբ։

Դրամաշնորհային ծրագրով տրամադրվող համաֆինանսավորման գումարը կարող է լինել 5.000.000 ՀՀ դրամից մինչև 25.000.000 ՀՀ դրամ՝ առավելագույնը 1 տարի տևողությամբ։ Ընդ որում, համաֆինանսավորումը, ըստ Ծրագրի ենթաբաղադրիչների տրամադրվելու է, ՝
- Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների դեպքում (երբ ընկերությունը տեղակայված է Երևանում կամ Երևանից մինչև 50 կմ հեռավորությամբ)՝ ծրագրի ներկայացված բյուջեի 50%-ի չափով։

- Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների դեպքում (երբ ընկերությունը տեղակայված է Երևանից առնվազն 50 կմ հեռավորությամբ)՝ ներկայացված բյուջեի 85%-ի չափով։