Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարի աճել է, սպառողական գները՝ նույնպես․ Ազգային վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել

Միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարի աճել է, սպառողական գները՝ նույնպես․ Ազգային վիճակագրական կոմիտեն  տվյալներ է հրապարակել
Տնտեսություն
17:06, 25 февраль 2022
Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն հերթական տվյալներն է հրապարակել ՀՀ նախորդ տարվա սոցիալ-տնտեսական վիճակի մասին։ Ըստ ԱՎԿ-ի՝ 2021թ. համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպը կազմել է 105.7%։ ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով 2021թ. կազմել է 6 982 848.6 մլն դրամ, այդ թվում գյուղատնտեսության ծավալը՝ 775 745.0 մլն դրամ կամ ՀՆԱ-ում 11.1%:  2021թ. ՀՆԱ-ի 5.7%-ով աճին (105.7%) զուգընթաց արձանագրվել է գյուղատնտեսության 1.4%-ով նվազում (98.6%):  

2021թ. IV եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպը կազմել է 109.0%:  ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով 2021թ. IV եռամսյակում կազմել է 2 217 154.7 մլն դրամ, այդ թվում գյուղատնտեսության ծավալը՝ 269 242.6 մլն դրամ կամ ՀՆԱ-ում 12.1%:  
2021թ. IV եռամսյակում ՀՆԱ-ի 9.0%-ով աճին (109.0%) զուգընթաց գյուղատնտեսության աճի տեմպը մնացել է անփոփոխ (100.0%): 
2021թ. սպառողական գների միջին տարեկան ինդեքսը կազմել է 107.2%՝ նախորդ տարվա 101.2%-ի դիմաց: Սպառողական գների աճին նպաստել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ), ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գնաճը, համապատասխանաբար՝ 111.0%, 108.7% և 101.9%: 

2021թ. IV եռամսյակում սպառողական գների ինդեքսը կազմել է 108.8%՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 102.2%-ի դիմաց: Գրանցված գնաճը պայմանավորված է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ), ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գնաճով, համապատասխանաբար՝ 114.6%, 109.2% և 101.8%:

2021թ. միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 204 048 դրամ: Դիտարկվող ժամանակաշրջանում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի (7.6%) աճի միտում գրանցված գնաճի (7.2%) նկատմամբ:
2021թ. IV եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 219 268 դրամ: Դիտարկվող ժամանակաշրջանում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճի (10.8%) միտում գրանցված գնաճի (8.8%) նկատմամբ:

Հանրապետությունում աշխատուժի միջին թվաքանակը 2021թ. III եռամսյակում կազմել է 1 182.1 հազ. մարդ, որոնց 85.0%-ը կամ 1 004.8 հազ. մարդ զբաղված են եղել տնտեսության մեջ, այդ թվում 19.4%-ը՝ գյուղատնտեսության ոլորտում։  

ՀՀ ՎԿ կողմից 2020թ. իրականացված աշխատուժի հետազոտության արդյունքների համաձայն (ըստ Եվրամիության անդամ երկրներում կիրառվող Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) մեթոդաբանության)՝ գործազրկության մակարդակը (հետազոտվել են 7 788 տնային տնտեսություններ) կազմել է աշխատուժի 18.2%-ը կամ 234.4 հազ. մարդ։