Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում Ադրբեջանի քաղաքացիները անշարժ գույք են ձեռք բերել սկսած 2012թ., իսկ Թուրքիայի քաղաքացիները՝ 2005թ.-ից

Հայաստանում Ադրբեջանի քաղաքացիները անշարժ գույք են ձեռք բերել սկսած 2012թ., իսկ Թուրքիայի քաղաքացիները՝ 2005թ.-ից
Տնտեսություն
16:05, 10 март 2022
2012թ.-ից մինչև 2019թ. Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում ձեռք են բերել 6 անշարժ գույք՝ 4 բնակարան, 1 հասարակական տարածք և 1 բնակելի տուն։ Իսկ Թուրքիայի քաղաքացիները 2005-2021թթ. ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել 83 անշարժ գույք։ Այս տեղեկատվությունը Civic.am-ին է տրամադրել Կադաստրի կոմիտեն՝ ի պատասխան մեր հարցման, թե որ թվականներին են Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները ձեռք բերել անշարժ գույք Հայաստանի Հանրապետությունում։ 

Ըստ Կադաստրի կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ 2012թ. Երևան քաղաքում Ադրբեջանի քաղաքացիները առուվաճառքի պայմանագրով ձեռք են բերել 2 բնակարան, իսկ Կոտայքի մարզում՝ 1 բնակելի տուն, որը ձևակերպված է որպես նվիրատվություն։ 2018թ. Ադրբեջանի քաղաքացիները Երևանում առուվաճառքի պայմանագրով ձեռք են բերել 1 բնակարան, 2019թ. Արագածոտնի մարզում առուվաճառքի պայմանագրով՝ 1 հասարակական տարածք, իսկ  Կոտայքի մարզում նույն թվականին առուվաճառքի պայմանագրով՝ 1 բնակարան։   

Համաձայն Կադաստրի կոմիտեի գրավոր պատասխանի՝ Թուրքիայի քաղաքացիները, ի տարբերություն Ադրբեջանի քաղաքացիների, Հայաստանի տարբեր մարզերում սկսել են անշարժ գույք ձեռք բերել ավելի վաղ՝ սկսած 2005թ.-ից։ 
Պատասխանում նշված է, որ նրանք Երևանում սկսել են անշարժ գույք ձեռք բերել 2007թ.-ից և մինչև 2021թ. առուվաճառքի պայմանագրով գնել են՝ 53 բնակարան, 2 բնակելի տուն, 6 հասարակական տարածք, 1 ավտոտնակ և 2 հողամաս, 1 բնակարանի փոխանակում է իրականացվել, 1 բնակարան և 1 հասարակական տարածք որպես նվիրատվություն են ձևակերպվել։ 
Թուրքիայի քաղաքացիները Երևանում մեծ թվով անշարժ գույք են ձեռք բերել 2017թ. և 2019թ.՝ համապատասխանաբար՝ թվով 12 և 17 անշարժ գույք։

Արագածոտնի մարզում Թուրքիայի քաղաքացիների անշարժ գույքի ձեռք բերումները գրանցվել են 2006թ.-ից, և մինչև 2021թ. նրանք առուվաճառքով ձեռք են բերել 3 անշարժ գույք՝ 1 բնակելի տուն և 2 հողամաս։ Այս մարզում նրանք 2012թ.-ից մինչև 2021թ. այլ անշարժ գույք ձեռք չեն բերել։ 
Արարատի մարզում Թուրքիայի քաղաքացիները 4 հողամաս են ձեռք բերել առուվաճառքի պայմանագրով. 2005թ.՝ 1 հողամաս, 2007թ.՝ 2 հողամաս, 2009թ.՝ 1 հողատարածք։ 2009թ.-ից մինչև 2021թ. Արարատի մարզում Թուրքիայի քաղաքացիներն անշարժ գույք ձեռք չեն բերել։ 

Արմավիրի մարզում Թուրքիայի քաղաքացիների կողմից 2005-2021թթ. ընթացքում ձեռք է բերվել 1 բնակարան՝ 2012թ. առուվաճառքի պայմանագրով։ Իսկ Կոտայքի մարզում նույն ժամանակահատվածի հաշվարկով՝ 6 անշարժ գույք. 2005թ., 2007թ., 2009թ. ընդհանուր թվով 4 հողամաս, իսկ 2017թ.՝ 2 հասարակական տարածք՝ բոլորն էլ առուվաճառքի պայմանագրերով։ 

Շիրակի մարզում 2005-ից մինչև 2021թ. ընկած ժամանակահատվածի հաշվարկով Թուրքիայի քաղաքացիները առուվաճառքով ձեռք են բերել 1 բնակելի տուն՝ 2019թ.-ին, իսկ Լոռու մարզում՝ 1 բնակարան՝ 2016թ. առուվաճառքով։
Նշենք, որ ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերած Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների ազգությունը տեղեկատվության մեջ ներառված չէ։


Նարա Մարտիրոսյան