Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր այսօրվա գործողությունները միտված են ապագա գնաճի զսպմանը. ԿԲ նախագահ Մարտին Գալստյան. տեսանյութ

«ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1,25 տոկոսային կետով՝ սահմանելով 9,25 տոկոս։
Սա նպաստելու է հնարավոր սպասվող գնաճի զսպմա՞նը, թե՞ արդեն իսկ թանկացած ապրանքների վրա ազդեցություն կունենա»,- այսօր՝ մարտի 15-ին, Civic.am-ը նաև այս հարցն ուղղեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Երբ 2020թ. ընթացքում Հայաստանում գնաճը դեկտեմբեր ամսին 1,6 տոկոս էր՝ ԿԲ-ն տոկոսադրույքը բարձրացրեց 1 տոկոսային կետով, որովհետև, մեր գնահատումով, մենք ակնկալում էինք, որ ՀՀ-ում ձևավորվելու է գնաճային միջավայր 2021թ.-ի ընթացքում։ Մենք հասարակությանը տեղեկացրեցինք, որ 2021 թվականը լինելու է գնաճային, և  ԿԲ-ն իր գործիքակազմով նպաստելու է նրան, որ միջնաժամկետ հատվածում գնաճը վերադառնա իր թիրախին։ Մենք տեսանք, որ տարվա ընթացքում գնաճը աճեց մինչև 9,6 տոկոս ու արդեն 2021թ. դեկտեմբերին իջավ 7,7 տոկոս, իսկ 2022թ. փետրվարին մենք ունենք արդեն 6,5 տոկոս գնաճ, ինչը վկայում է այն մասին, որ մենք շատ լավ գործ ենք արել գնաճային սպասումներն ու գնաճը կառավարելու առումով։ Եվ եթե այս ռուս-ուկրաինական կոնֆլիկտից ածանցվող գնաճային դրսևորումները հաշվի չառնենք, ինչին հիմա մենք արձագանքում ենք ամեն դեպքում, մենք կտեսնենք, որ Հայաստանն այն բացառիկ երկրների շարքում է, որտեղ գնաճը փետրվար ամսին նվազող տենդենց ունի»,- պատասխանեց ԿԲ նախագահն ու հավելեց, որ այսօրվա զարգացումներն ազդելու էին գնաճային ֆոնի ու գնաճային սպասումների վրա, և ՀՀ ԿԲ-ի գործողությունները միտված են ապագային. «Մենք այսօրվա համար գործողություն չենք անում։ Մեր գործողությունները, որ արվում են այսօր, միտված են ապագա գնաճի զսպմանը»։ 

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում