Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումներով վերացվում է էլեկտրաէներգիայի վաճառքի մենաշնորհը. Աբգար Բուդաղյան. տեսանյութ

«Մենք աջակցում ենք ՀՀ կառավարությանը՝ իրականացնելու բարեփոխումներ էներգետիկայի ոլորտում։ Երեք հիմնական ուղղություններով ենք աշխատում մեր կառավարության գործընկերների հետ՝ առաջինը էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումն է, երկրորդը էներգամատակարարման դիվերսիֆիկացումն է, և երրորդը՝ Վրաստանի հետ միջպետական առևտրի զարգացումը»,- այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՄՆ ՄԶԳ էներգետիկայի ծրագրի ղեկավարի տեղակալ Աբգար Բուդաղյանը։  
Նա նաև ընդգծեց, որ էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումները հնարավորություն են տալիս վերացնելու էլեկտրաէներգիայի վաճառքի մենաշնորհը:

Նշենք, որ այսօր շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի բացումն էր։ Փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկայի շուկան ազատականացվել է՝ ՀԷՑ-ն այլևս չի հանդիսանում էլեկտրաէներգիայի միակ մատակարարը, շուկա են մտել այլ ընկերություններ, որոնց առաջարկած գները չեն վերահսկվելու ՀԾԿՀ-ի կողմից, ինչպես նաև գործում է Էլեկտրաէներգիայի առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակը։  

ԱՄՆ ՄԶԳ էներգետիկայի ծրագրի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը և Վրաստանը էլեկտրաէներգիայի առևտրի բավական պոտենցիալ ունեն, որը պետք է զարգացվի. «Էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումներ տեղի են ունենում նաև Վրաստանում։ Մենք փորձում ենք աջակցել Հայաստանի էներգետիկ համակարգի ներկայացուցիչներին, որպեսզի հետագայում երկու շուկաները ինտեգրվեն, և երկու շուկաներում արտադրողներն ու սպառողները կարողանան նաև միմյանց հետ ուղիղ առևտուր իրականացնել, եթե տեսնում են փոխշահավետության սկզբունք»։

Աբգար Բուդաղյանը, անդրադառնալով միջազգային փորձին, նշեց, որ կան երկրներ, որոնք խթանել են նույնիսկ բնակիչ բաժանորդներին դուրս գալ ազատականացված շուկա և օգտվել այլ մատակարարներից, իսկ կարգավորվող հատվածում պահել են բացառապես սոցիալապես խոցելի զանգվածին, մինչդեռ Հայաստանում նման պահանջներ ամրագրված չեն՝ բացառությամբ տարեկան 1մլն կվտ/ժ-ից ավելի էլեկտրաէներգիայի սպառում ունեցող ընկերությունների։  
 
Մանրամասն՝ տեսանյութում