Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԷՑ-ից ցածր գնով ենք վաճառում էլեկտրաէներգիան բաժանորդներին. լիցենզավորված մատակարար ընկերության հիմնադիր․ տեսանյութ

«Էներէքս» ՓԲԸ-ն ունի և՛ էլեկտրաէներգիայի մատակարարի լիցենզիա՝ տեղական շուկայում հոսանք մատակարարելու համար, և՛ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի առևտրի լիցենզիա՝ արտահանում, ներմուծում իրականացնելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ-ի կողմից լիցենզիա ստացած «Էներէքս» ՍՊԸ հիմնադիր Հայկ Շեկյանը։
 
«Այս պահին մենք մատակարարման գործառույթն ենք իրականացնում, արդեն ունենք մի քանի հաճախորդներ, որոնց վաճառում ենք էլեկտրաէներգիա։ Դրանք միջին և փոքր ընկերություններ են, և էներգիան ավելի մատչելի գնով ենք վաճառում, քան ՀԷՑ-ը։ Այսօրվա սակագինն ավելի շահեկան է իրենց համար»,- հավելեց «Էներէքս» ՓԲԸ հիմնադիրը։ 

Հայկ Շեկյանն ընդգծեց, որ սա մրցակցային շուկա է, և հաղթելու է առավել ճկուն, առավել որակյալ սպասարկումը. «Մենք շահագրգռված ենք, որ մեր հաճախորդը գոհ լինի թե՛ սակագնի, թե՛ տարատեսակ հարցերի լուծման առումով, որոնք ծագում են ենթակառուցվածքային ծառայությունները ձեռք բերելու ընթացքում»։   
  
Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիան հիմնականում ձեռք են բերում ՀԷԿ-երից և ՋԷԿ-երից։ Անդրադառնալով էլեկտրաէներգիա արտահանելուն ու ներմուծելուն՝ Հայկ Շեկյանը նշեց, որ այդ հատվածում ընտրությունը մեծ չէ, և առևտրի համար դիտարկում են Վրաստանը։
Նշենք, որ այսօր շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի բացումն էր։ Փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկայի շուկան ազատականացվել է՝ ՀԷՑ-ն այլևս չի հանդիսանում էլեկտրաէներգիայի միակ մատակարարը, շուկա են մտել այլ ընկերություններ, որոնց առաջարկած գները չեն վերահսկվելու ՀԾԿՀ-ի կողմից, ինչպես նաև գործում է Էլեկտրաէներգիայի առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակը։  

Մանրամասն՝ տեսանյութում