Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՏՀ-ն զրոյացնում է սննդամթերքի և արտադրական հումքի ներմուծման մաքսատուրքերը

ԵԱՏՀ-ն զրոյացնում է սննդամթերքի և արտադրական հումքի ներմուծման մաքսատուրքերը
Տնտեսություն
21:47, 05 апрель 2022
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ներմուծվող մի շարք ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի և դրանց արտադրության համար հումքի մաքսատուրքի զրոյական դրույքաչափին։
 Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
 
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել կողմերի առաջարկին՝ ընդլայնել այն ապրանքների ցանկը, որոնք ժամանակավորապես ԵԱՏՄ են ներմուծվում մաքսատուրքի զրոյական դրույքաչափով: Նոր ցուցակում ապրանքների լայն անվանացանկ է ներառվել, մասնավորապես՝ սննդամթերքի և դրանց արտադրության բաղադրամասերը, փաթեթավորման նյութերը, քիմիական արտադրանքը, տրանսպորտային միջոցների արտադրության և վերանորոգման համար համալրող սարքավորումները»,-ասված է հաղորդագրության մեջ:
 
ԵԱՏՀ կոլեգիայի իրավասության ներքո գտնվող մի շարք ապրանքների վերաբերյալ որոշումը, հանձնաժողովի խորհրդի հանձնարարությամբ, կընդունվի առաջիկայում։
 
Բացի այդ, արտաքին սահմանափակումների պայմաններում և հաշվի առնելով մաքսասակագնային կարգավորման միջոցի գործողության սեղմ ժամկետները` որոշվել է պարզեցնել դրա գործնական իրականացման գործընթացը՝ հրաժարվելով ներմուծվող ապրանքների հիմնական մասի նպատակային նշանակության հաստատման անհրաժեշտությունից:
 
Պարզեցումը ազդում է նաև հանձնաժողովի կողմից նախկինում հավանության արժանացած արտոնությունների վրա։
 
Որոշումը կտարածվի 2022 թվականի մարտի 28-ից ծագած իրավահարաբերությունների վրա։