Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլով․ Քերոբյան

Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլով․ Քերոբյան
Տնտեսություն
11:24, 15 апрель 2022
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները սկսել է կատարել ռուբլով։ Այս մասին RBC-ին հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Որքան ես գիտեմ, վերջին մի քանի վճարումները եղել են հենց ռուբլով, բայց համապատասխան փոխարժեքով»,- ասել է Քերոբյանը։

Նրա խոսքով՝ գնագոյացումը կատարվում է դոլարով, սակայն վճարումն իրականացվում է ռուբլով։

Վահան Քերոբյանի կարծիքով՝ ԵԱՏՄ անդամ երկրները պետք է անցնեն ազգային արժույթներով առևտրի․ «Ռուսական կողմից առաջխաղացում կա այդ ուղղությամբ։ Պետք չէ բացառել հայկական դրամը կամ ղազախական թենգեն վճարման հնարավոր եղանակներից։ Մենք կարծում ենք, որ երկրների կենտրոնական բանկերը պետք է համապատասխան միջավայր ստեղծեն, որպեսզի ազգային արժույթներով վճարումներ կատարվեն»,- հավելել է նա:

«Իսկապես, «Գազպրոմի»՝ Հայաստան գազի մատակարարման պայմանագիրն արդեն մի քանի տարի է ինչ թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է»,- RBC-ին ասել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:

Մարտի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով սահմանում էր, որ ռուսական գազը պետք է վաճառվի ռուբլով։ Բայց դա վերաբերում է միայն «ոչ բարեկամական երկրներին»՝ առաջին հերթին Եվրամիության անդամներին, որոնք Ուկրաինա ներխուժումից հետո պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Հայաստանը չի միացել այդ պատժամիջոցներին։ Բայց մարտի 23-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում ռուբլով հաշվարկների շուրջ։