Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում առևտրի ոլորտի հարկատուները մինչև 2023 թվականն ազատվել են մի շարք հարկատեսակներից

Արցախում առևտրի ոլորտի հարկատուները մինչև 2023 թվականն ազատվել են մի շարք հարկատեսակներից
Տնտեսություն
17:50, 12 февраль 2021
Արցախում հարկային օրենսդրության  նոր փոփոխությամբ՝  առևտրի ոլորտի  հարկատուներին հնարավորություն է  ընձեռվել առևտրի հարկը վճարել 1 տոկոս դրույքաչափով՝ նվազեցումներ կատարելով փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումների մասով, այս մասին տեղեկացնում են Արցախի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեից:

«Մասնավորապես, առևտրի հարկի դրույքաչափը՝ իրացման շրջանառության նկատմամբ, սահմանվել է 2 տոկոս, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 3 տոկոս: Ընդ որում՝ դրանից նվազեցվելու է  վաճառքի ապրանքների ծախսերի 1 տոկոսը՝ փաստաթղթերով հիմնավորված լինելու դեպքում, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 2 տոկոսը: Նվազեցումներից հետո,  եթե առևտրի հարկի գումարը կազմում է իրացման շրջանառության 1 տոկոսից պակաս գումար, ապա առևտրի հարկը կհաշվարկվի 1 տոկոս դրույքաչափով: 

Հետագա հաշվետու ժամանակաշրջաններում  կնվազեցվի առևտրի հարկի  այն մասը, որը չի  նվազեցվել: Համապատասխան օրենքի փոփոխությամբ՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը երկարաձգվել է՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը գործունեության այն տեսակների մասով, որոնց համար  դրանք պարտադիր էր ներդնել  2021 թվականի հունվարի 1-ից: Արտոնագրային հարկ վճարողները ՝2021-2023 թվականներին ազատվում են արտոնագրային վճարների կատարումից: Բացի այդ՝ արտոնագրային հարկ    վճարողների համար նույնպես  հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը հետաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:

Համապատասխան հարկատուները 2021-2023 թվականների ընթացքում ազատվում են նաև հաստատագրված վճարների կատարումից: Բացառություն կկազմեն հետևյալ գործունեության տեսակները՝ ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման), խաղատներ, շահումով խաղային ավտոմատների շահագործում, ինտերնետ շահումով խաղեր, վիճակախաղերի կազմակերպում, ինչպես նաև ըստ նախնական պատվերների՝ պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում  հանրային սննդի ծառայությունների մատուցում»,-հայտնում են Արցախի պետեկամուտների կոմիտեից :