Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք է բերելու Հայաստանի ֆոնդայի բորսայի ավելի քան 65 տոկոսը. ԿԲ

Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք է բերելու Հայաստանի ֆոնդայի բորսայի ավելի քան 65 տոկոսը. ԿԲ
Տնտեսություն
15:21, 24 май 2022
Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք է բերելու Հայաստանի ֆոնդայի բորսայի ավելի քան 65 տոկոսը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի կենտրոնական բանկը։

Մնացած 25 տոկոսը կպատկանի Հայաստանի Կենտրոնական բանկին։ Մոտ 10 տոկոս էլ կկազմեն Հայաստանի ֆոնդային բորսայի սեփական բաժնետոմսերը։ Լեհական կողմի հետ գործարքի գինը կազմում է ավելի քան 1,9 միլիոն դոլար, որից շուրջ 1 միլիոնը կվճարվի բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո, իսկ մյուս տրանշը կփոխանցվի գնման գործարքի վերջնականացումից հետո։ «Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերման մտադրության մասին հայտարարվել էր դեռ 2020-ի սեպտեմբերին, որից հետո իրականացվել են անհրաժեշտ ուսումնասիրությունները, մշակվել է առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագիր և իրականացվել են անհրաժեշտ կորպորատիվ հաստատումները»,- ասվում է Կենտրոնական բանկի հաղորդագրությունում։

Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) հիմնվել է 1996-ին, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի խոշորագույն բորսաներից է։ ՎՖԲ-ի տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 75 միլիոն դոլար, բորսայում ցուցակված է 471 ընկերություն։ Վարշավայի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի ավելի քան 51 տոկոսի սեփականատերը Լեհաստանի պետական գանձապետարանն է։

Հայաստանի ֆոնդային բորսան արժեթղթերի շուկան կարգավորող միակ մարմինն է Հայաստանում, ստեղծվել է 2001-ին, իսկ 2008-ին ամերիկյան Nasdaq և շվեդական OMX բորսաների միավորման արդյունքում Հայաստանի ֆոնդային բորսան դարձավ Nasdaq OMX group-ի մաս: Հայաստանի ֆոնդային բորսայում գործում է 21 թողարկող։ Ընկերության գլխավոր տնօրենը Հայկ Եգանյանն է։