Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԵՄ-ի հետ համաձայնագիրը կազդի տնտեսության բոլոր ճյուղերի վրա՝ համագործակցության խորացման մասով»․ Արթուր Մայսուրյան

«ԵՄ-ի հետ համաձայնագիրը կազդի տնտեսության բոլոր ճյուղերի վրա՝ համագործակցության խորացման մասով»․ Արթուր Մայսուրյան
Տնտեսություն
18:51, 12 февраль 2021
Մարտի 1-ից լիարժեք ուժի մեջ կմտնի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանը Civic.am-ին ասաց, որ համաձայնագիրը առևտրատնտեսական համագործակցության բազմաթիվ ոլորտների է վերաբերում։

Ըստ վարչության պետի՝ համաձայնագրի դրույթների մեծ մասն արդեն 2 տարի ուժի մեջ է։ Հարցին, թե համաձայնագիրը կարո՞ղ է դրական ազդեցություն ունենալ արտահանումների մասով՝ դեպի ԵՄ երկրներ, Մայսուրյանն ասաց․ «Ընդհանուր առմամբ՝ մեծ, գլոբալ համաձայնագիր է, որի իրականացումը բնականաբար իր ազդեցությունը կթողնի բոլոր ոլորտների, տնտեսության բոլոր ճյուղերի վրա՝ համագործակցության խորացման մասով»։ 

Հարցին, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ հանդիսանալը կարո՞ղ է խոչընդոտել ԵՄ հետ հարաբերություններին, թե՞ ընդհակառակը՝ Հայաստանը կկարողանա տնտեսական մասով «կամուրջ» հանդիսանալ ԵՄ և ԵԱՏՄ միջև, Արթուր Մայսուրյանը պատասխանեց, որ երբ ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրվել է, Հայաստանն արդեն իսկ ԵԱՏՄ անդամ է եղել, և այդ փաստը ԵՄ կողմից հաշվի առնվել է։ Իսկ տնտեսական առումով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև «կամուրջ» հանդիսանալու մասով ժամանակին խոսվել է։ 

«Իհարկե, որևէ հակասություն համաձայնագրի և ԵԱՏՄ-ի անդամակցության մեջ չկա՝ առևտրային մասով, մասնավորապես»,- ասաց Մայսուրյանը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ այս համաձայնագրի շրջանակներում Հայաստանը պարտավորվում է ներդնել ԵՄ որոշակի ստանդարտներ։ Տնտեսական մասով՝ ըստ Պարսյանի՝ Հայաստանը ստանձնում է որոշակի պարտավորություն Մեծամորի ատոմակայանի մասով, որի արդիականացումից հետո հնարավոր չի լինի շահագործել այն։ Բացի այդ՝ մի քանի տարվա ընթացքում Հայաստանը պետք է հրաժարվի «կոնյակ» բառից, նաև մեր ապրանքները պետք է որոշակի որակական ստանդարտների համապատասխանեցնել, որը սպառողի տեսանկյունից լավ է, սակայն բիզնեսի համար լրացուցիչ ծախսեր է նախատեսում։ 

Բնականաբար, այդ ծախսերի արդյունքում կբարձրանա նաև ապրանքների ինքնարժեքը, հետևաբար նաև՝ գինը։ «Միաժամանակ ԵՄ-ն ստանձնում է պարտավորություն գումարներ ներդնել այդ ծրագրերը իրականացնելու համար և պետք է արձանագրենք, որ ԵՄ այս փաստաթուղթը Հայաստանի համար հնարավորություն է և նաև որոշակի ռիսկ է»,-ասաց Պարսյանը։

Արտահանումների հետ կապված նոր հնարավորությունների մասով՝ տնտեսագետը ասաց, որ եթե Հայաստանի արտահանող ընկերությունները կարողանան բավարարել Եվրոպական ստանդարտներին և Եվրոպան ֆինանասավորի մեր ընկերություններին ներդնելու այդ տեխնոլոգիաները՝ որակը բարձրացնելու համար, բնականաբար դա կնպաստի դեպի Եվրոպա վերջնական սպառման արտադրանքի արտահանմանը։ 

«Մենք Եվրոպայի հետ ունենք ազատ առևտրի համաձայնագիր, որը թույլ է տալիս մոտ 6000 ապրանք զրոյական տոկոսադրույքներով արտահանել դեպի Եվրոպա։ Սա լավ հնարավորություն է Հայաստանի համար, լինելով նաև ԵԱՏՄ երկիր միաժամանակ զրոյական տոկոսադրույքներով ապրանքներ արտահանենք դեպի ԵԱՏՄ և ԵՄ։ Մենք բազմիցս են խոսել, որ մենք կարող ենք լինել «կամուրջ», բայց ցավոք այդ կամուրջ լինելու հնարավորությունից չենք օգտվում», - նշեց Սուրեն Պարսյանը։

Վովա Հակոբյան