Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շոմբի Շարփը Պապիկյանին է ներկայացրել Հայաստան-ՄԱԿ 5-ամյա համագործակցության առաջնահերթությունները

Շոմբի Շարփը Պապիկյանին է ներկայացրել Հայաստան-ՄԱԿ 5-ամյա համագործակցության առաջնահերթությունները
Տնտեսություն
19:22, 12 февраль 2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը Շոմբի Շարփը մանրամասնել է «2021-2025թթ․ համար Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակ» փաստաթղթով նախանշված առաջնահերթությունները՝ առանձնացնելով մարդկանց բարօրության ամրապնդման և կարողությունների զարգացման, կանաչ և հարատևելի տնտեսական աճի, պատասխանատու և արդյունավետ պետական կառավարման ուղղությամբ գերակա նպատակները, տեղեկացրին  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախարարը կարևորել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության հետ համագործակցության օրակարգի ընդլայնումը հատկապես հետպատերազմյան շրջանում և հույս հայտնել, որ գրասենյակի գործուն աջակցությամբ հնարավոր կլինի մեղմել համավարակի և պատերազմի հետևանքները Հայաստանի մարզերում։

Շոմբի Շարփն, իր հերթին, վստահեցրել է Հայաստանին տարբեր ուղղություններով աջակցելու պատրաստակամության մասին և ընդգծել, որ նախարարությունը մեծ դերակատարություն է ունեցել COVID-19-ի և պատերազմի հետևանքների մեղմման համատեղ աշխատանքներում:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքով՝ վերոնշյալ խնդիրների լուծմանն աջակցելու հարցերը գտնվում են ՄԱԿ-ի ուշադրության ներքո և այս առումով պատրաստ են համագործակցությունն ուղղել Հայաստանի համար առաջնահերթ ուղղություններն։

Նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ–ի աջակցությամբ Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում իրականացված բարեփոխումները և հույս հայտնել, որ համատեղ ծրագրերն առաջիկայում հասանելի կլինեն Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում։

Նախարարը  զրուցակցի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կառավարության համար առաջնահերթ է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տեղահանված և սահմանային մարզերում ապաստանած քաղաքացիների համար բնակարաններով ապահովման, աշխատատեղերի ստեղծման, գյուղատնտեսության զարգացման և կենսապահովմանն ուղղված այլ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով յուրաքանյուր աջակցության հասցեականության ու երկարաժամկետության կարևորությունը։

Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ՄԱԿ-ի Գործընկերության նոր հնգամյա շրջանակի ուղղություններին, ինչպես նաև դրա համապատասխանեցման հնարավորություններին երկրի ռազմավարական խնդիրների լուծմանը։