Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ թշնամի Իրանին ԵԱՏՄ մտցնելով՝ ՌԴ-ն փորձում է քաղաքական անվտանգային երանգ հաղորդել ԵԱՏՄ համագործակցությանը․ իրանագետ

ԱՄՆ թշնամի Իրանին ԵԱՏՄ մտցնելով՝ ՌԴ-ն փորձում է քաղաքական անվտանգային երանգ հաղորդել ԵԱՏՄ համագործակցությանը․ իրանագետ
Տնտեսություն / Աշխարհ
15:45, 15 февраль 2021


Իրանը բանակցություններ է սկսել Եվրասիական տնտեսական միության մշտական անդամ դառնալու համար և առաջիկա շաբաթների ընթացքում կսկսվեն նախնական աշխատանքները։ 

 

Իրան-ԵԱՏՄ համագործակցությունը, որը սկսվեց մի քանի տարի առաջ, կարելի է ասել՝ ուղղված է ԱՄՆ պատժամիջոցների դեմ, քանի որ Իրանը խնդիր ունի նաև արտարժույթով առևտրի՝ դոլարով, եվրոյով գործարքների հետ կապված։ ԱՄՆ-ն պատժամիջոցների ենթարկելով Իրանին՝ և բանկային ոլորտում, և ֆինանսական ոլորտում, բավականին սահմանափակել է Իրանի գործառույթը միջազգային շուկայում, ինչն էլ առաջացրել է տնտեսական խնդիրներ։ ԵԱՏՄ-ի դեպքում եթե առևտրաշրջանառությունը կատարվի ներքին արժույթներով՝ ռուբլիով կամ իրանական ռիալով՝ ապա ԱՄՆ պատժամիջոցները չեն կարող կասեցնել այդ ապրանքաշրջանառությունը։ Civic.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։ 

 

Մեր զրուցակիցը հիշատակեց, որ ԵԱՏՄ ասոցացման՝ Իրանի համաձայնագրի կնքման գործընթացում բոլոր կողմերը հայտարարեցին, որ մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանը, քանի որ Իրանը ցամաքային սահման ունի ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի միջոցով․ նաև Կասպից ծովով սահման ունի ԵԱՏՄ երկրների հետ։ «Իրանը, ԵԱՏՄ-ի մշտական անդամ դառնալով, կլուծի արտարժույթի խնդիրը, իմ կարծիքով՝ առևտուր կազմակերպելով ռուսական ռուբլիով, իսկ ԵԱՏՄ-ն կունենա հնարավորություն դուրս գալ Իրանի 80մլն-անոց շուկա, որը գրավիչ է ԵԱՏՄ պետությունների համար»,-նշեց Միսակյանը։ 

 

Իրանագետից հետաքրքրվեցինք՝ բացի տնտեսական համագործակցությունը, Իրանն ակնկալու՞մ է ռազմական պաշտպանություն Ռուսաստանից։ Ի պատասխան մեր հարցի Գարիկ Միսակայանը հիշեցրեց Իրանի ԱԳ նախարար Զարիֆի և Իրանի Մեջլիսի խոսնակ Ղալիբաֆի այցերը Ռուսաստան՝ «Կարելի է ասել, որ Իրանը Ռուսաստանի հետ նաև ռազմավարական և անվտանգային դաշինքների է գնում․ Զարիֆի այցելության ընթացքում կնքվեց անվտանգության ոլորտում համաձայնագիր և ԵԱՏՄ շուկային անդամակցելը նաև քաղաքական նպատակներ ունի՝ տնտեսականից բացի։ Այսինքն, ի դեմս ԱՄՆ-ի՝ Իրանն ունենալով թշնամի, իսկ ՌԴ-ն՝ հակառակորդ փորձում են քաղաքական անվտանգային երանգ հաղորդել ԵԱՏՄ համագործակցությանը։ Իրանը խնդիր ունի լուծելու սեփական տնտեսական հարցերը՝ հաշվի առնելով որ Բայդենի կառավարության շրջանում ակնկալվում են որոշակի բանակցային գործընթացներ Իրանի և ԱՄՆ-ի միջև։ Այսինքն՝ Իրանը սրանով ապահովագրում է իրեն բանակցությունները լավ սկզբնակետից սկսելու համար»։ 

 

Մեր զրուցակիցը ներկայացնելով Իրանի տնտեսական խնդիրները՝ մատնանշեց, որ Իրանի տնտեսական վիճակը Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականության արդյունքում բավականին վատացել էր՝ հանգեցնելով թե դոլարի ինֆիլյացիայի, թե ներքին գնաճի։  

 

«ԵԱՏՄ-ի հետ Իրանի առևտրաշրջանառությունը վերջին շրջանում մեծացել է և Իրանը արտարժույթային նոր շուկա է դուրս գալիս։ Ռուսաստանի համար ձեռնտու է Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ համագործակցությանը, քանի որ այդ առումով մեծանում է ՌԴ-ի կողմից նախաձեռնված ԵԱՏՄ միջազգային քաղաքական և տնտեսական կշիռը։ ԵԱՏՄ-ն Իրանի անդամակցությամբ դուրս է գալիս անմիջականորեն Պարսից ծոց, ավելի ընդլայնում սեփական առևտրաշրջանառությունը և տնտեսական աշխարհագրությունը։

Եվ եթե Իրանը դուրս գա դոլարային առևտրից՝ ԱՄՆ պատժամիջոցները մեծ խանգարող հանագամանք չեն դառնա ԵԱՏՄ- Իրան համագործակցության համար»,-եզրափակեց իրանագետը։ 

 

Նարա Մարտիրոսյան