Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում կարողացել ենք հաղթահարել մոնոպոլիան եւ օլիգարխիան. Փաշինյան

«Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ըստ էության բում է ապրում. հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1 տոկոս: Այս տեմպը մեզ տալիս է հնարավորություն, որ 2022 թվականի արդյունքներով մենք ըստ էության հաղթահարված համարենք 2020 թվականին համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած զուտ տնտեսական դժվարությունները և վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը, ինչը շատ կարևոր է»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2023թ. պետական բյուջեի քննարկմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ պատկերավոր ասած՝ հնարավորություն կա վերադառնալու 2019թ. տեմպին արդեն 4 տարվա կտրվածքով:

Պատասխանելով որոշ շրջանակների կողմից հնչեցված հարցին, թե ինչ կապ ունի կառավարությունը այս տնտեսական հաջողությունների հետ, վարչապետն ասաց. «Կարծում եմ՝ կառավարությունների մեծագույն դերակատարությունն այն է, որ տնտեսությունը, երկիրը մաքսիմալ պատրաստ լինի դիմակայելու տնտեսական դժվարություններին և օգտվի տնտեսական աճի հնարավորություններից»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր մենք քաղում ենք մենաշնորհների հաղթահարման, օլիգարխիայի վերացման, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելուն ուղղված և համակարգային կոռուպցիայի հաղթահարման մեր քաղաքականության պտուղները. «Ըստ էության հենց սա է կառավարության հռչակված անելիքը եղել»:

Նա նշեց, որ այս տարի մի շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի տնտեսական իմիջի առումով. «Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում 100 երկրների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը՝անգամներով բարելավելով իր իրավիճակը»:

Հակադարձելով որոշ ընդդիմադիրների առարկություններին, թե Հայաստանն այս տեղն է զբաղեցրել, որովհետև շատ երկրների տնտեսական ազատության ցուցանիշները կովիդի վատ կառավարման պայմաններում անկում են ապրել, վարչապետն ասաց. «Նշանակում է, որ մեզնից շատ ավելի զարգացած երկրներ այնքան վատ են կառավարել կովիդի համավարակը, որ իրենց տնտեսական վարկանիշը գահավիժել է»: