Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 74,1 տոկոսով

ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 74,1 տոկոսով
Տնտեսություն
15:34, 03 ноябрь 2022
Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկույցում անդրադարձավ Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների առևտրաշրջանառության և ներդրումների ծավալներին, որը, նրա կարծիքով, ամենաբովանդակայինն է մեր համագործակցության մեջ։

Այնուհետև Քերոբյանը ներկայացրեց  Վիճակագրական կոմիտեի տվյալները, ըստ որոնց՝ 2022 թվականի առաջին 8 ամիսներին ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74,1 տոկոսով՝ կազմելով 2,778 միլիարդ դոլար, իսկ 2021թ. հունվար-օգոստոսին այն կազմել է 1,6 մլրդ դոլար։ 

Նախարարի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2022թ. հունվար-օգոստոսին արտահանումը ևս աճել է 2 անգամ՝ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1,1 միլիարդ դոլար։ Նույնպիսի տպավորիչ աճ գրանցել է ԵԱՏՄ-ից ներմուծումը, որը կազմել  է 1,67 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 58,7 տոկոսով։ 

Նախարարը այնուհետև նշեց ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության ցուցանիշները առանձին-առանձին։ ՌԴ-ի հետ, մասնավորապես, առևտրաշրջանառությունը աճել է տպավորիչ 71,7 տոկոսով՝ կազմելով 2,642 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 2 անգամ, իսկ ներմուծումը՝ 55,3 տոկոսով։

 Բելառուսի հետ առաջին 8 ամիսներին առևտրաշրջանառությունը կազմել  է 106,7 միլիոն դոլար, ինչը աճել է 2,4 անգամ, ընդ որում՝ Հայաստանից  արտահանումը 2,6 անգամ, իսկ ներմուծումը՝ 2,2 անգամ։

Ղազախստանի հետ առևտրաշրջանառությունն աճել է 2,6 անգամ, ընդ որում՝ արտահանումը 14,6 տոկոսով, իսկ ներմուծումն աճել է 5,9 անգամ։ 

Առանձնակի աճ գրանցել է Ղրղզստանի հետ առևտրաշրջանառությունը, որը նախորդ տարվա համեմատ աճել է 90,8 տոկոսով՝ կազմելով 2,9 միլիոն ԱՄՆ դոլար:

Քերոբյանը ուշագրավ արձանագրում կատարեց. կառավարությունը հատուկ աշխատանք է տարել՝  առևտրաշրջանառությունը, ՌԴ-ից բացի, ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ խթանելու համար. «ԵԱՏՄ երկրների միջև համագործակցությունը, ըստ էության, կառուցված է եղել Ռուսաստան-ԵԱՏՄ մյուս երկրներ հարաբերությունների վրա, և մենք մեր առջև խնդիր ենք դրել ակտիվացնել հարաբերությունները նաև մյուս երկրների հետ՝ ավելի համաչափ դարձնելով ԵԱՏՄ-ի և՛ կառուցվածքը, և՛ առևտրաշրջանառությունը։ Այս տարվա ընթացքում գրանցված փոփոխությունը ցույց է տալիս, որ մեր աշխատանքն արդեն որոշակի արդյունք տվել է»,- նշեց նա։