Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրասիական բանկի ներդրումներով Հայաստանում կստեղծվի անասնապահական ֆերմա, որը մեկ տոկոսով կբարձրացնի կաթնատվությունը. Վահան Քերոբյան

Եվրասիական բանկի ներդրումներով Հայաստանում կստեղծվի անասնապահական ֆերմա, որը մեկ տոկոսով կբարձրացնի կաթնատվությունը. Վահան Քերոբյան
Տնտեսություն
15:53, 03 ноябрь 2022
Քերոբյանը, Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի իր զեկույցում անդրադառնալով ներդրումների ցուցանիշներին, ասաց. «Ոչ ԵԱՏՄ երկրներից օտարերկրյա ներդրումների ծավալը եղել է բացասական»։  

Մյուս ժամանակահատվածներում, ըստ նրա, ընդհանուր ներդրումայնի հոսքը կազմել է 76,5 միլիարդ դրամ, որից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել 57,5 միլիարդ դրամը։

Ներդրումների առումով, նախարարի գնահատմամբ, բավականին արդյունավետ ու բարձր է Եվրասիական բանկի հետ համագործակցությունը, նրանց ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ զգալի է. հայաստանյան նախագծերի հետ արդեն իսկ մոտ 100 միլիոն դոլարի մի քանի խոշոր գործարք է կնքվել. «Դրանցից մեկը գյուղատնտեսական է՝ «Երեմյան պրոջեկտի» հետ անասնապահական ֆերմայի հիմնման նախագծի շրջանակում, մյուս համագործակցությունը «Տաշիր գրուպի» հետ է՝ արդյունաբերական նախագծի շրջանակում,  և «Օպտիմում էներջիի» հետ՝ էներգետիկ ոլորտում»։

Պատգամավոր Վաղինակ Հակոբյանի առաջարկով Քերոբյանը ներկայացրեց նաև այդ նախագծերի բյուջեները, ըստ որի՝  «Երեմյան պրոջեկտի» բյուջեն կազմել է 47 միլիոն դոլար։ Նախարարը համոզմունք հայտնեց, որ այդ նախագծի շնորհիվ կաթնատվությունը կբարձրանա մոտ մեկ տոկոսով, այսինքն՝  ազդեցությունը շատ մեծ է լինելու։

30-ական միլիոն դոլարի չափով բյուջեներ էլ ունեն մյուս կազմակերպությունները՝ «Տաշիր» ընկերությունը ընդլայնելու է էլեկտրական հաշվիչների գործարանը, «Օպտիմիկը»՝ արևային կայանների արտադրության ծավալները։

«Բացի դրանից՝ կան նաև ընթացիկ մի քանի միլիոն դոլարի ներդրումայնի ծրագրեր։ Շատ լավ են առաջ գնում ԵԱԶԲ-ի հետ հարաբերությունները։ ՀՀ տնտեսության մեջ ԵԱԶԲ-ի ներդրումները զգալի ծավալ են կազմում»,- եզրափակեց Քերոբյանը: