Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական գինեգործական ընկերությունների թիվը կտրուկ աճել է, հայկական խաղողն իբրև ադրբեջանական ներկայացված սորտերի ծագումն էլ փոխվել է

Հայկական գինեգործական ընկերությունների թիվը կտրուկ աճել է, հայկական խաղողն իբրև ադրբեջանական ներկայացված սորտերի ծագումն էլ փոխվել է
Տնտեսություն
14:53, 07 ноябрь 2022
Հայկական գինեգործական ընկերությունների թիվը կտրուկ աճել է. եթե 2018թ. կար ընդամենը 25 ընկերություն, ապա 2022թ. 111 գինեգործական ընկերություն է գործում։ Այս մասին տեղեկացնում է Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ղեկավար Զարուհի Մուրադյանը։ 

Աշխարհում գինու արտադրության առաջին համալիրը հայտնաբերվել է 2011թ. հայկական լեռնաշխարհում՝ Արենիի քարանձավում։ 
 
Հիմնադրամի խաղողագործության և գինեգործության ծրագրերի համակարգող Արամայիս Մկրտչյանը Civic.am-ի հետ զրույցում ընդգծում է՝ միջազգային բազան, որտեղ ներկայացված է խաղողի բոլոր սորտերի վերաբերյալ տեղեկատվություն, հայկական ծագման «Ոսկեհատը» և «Սև Արենին» տևական ժամանակ գրանցված էին որպես ադրբեջանական սորտեր. «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ջանքերով աշխատանքներ են տարվել՝ գենետիկ հետազոտություններ են արվել, ինչի հիման վրա ապացուցվել է, որ դրանք հայկական են, և միջազգային տվյալների բազայում փոխվել է այդ սորտերի ծագումը»։

Կարճ ժամանակ առաջ ֆերմերները բողոքի ցույց էին կազմակերպել Կառավարության շենքի մոտ՝ խաղողի մթերման ցածր գնի խնդիրն էին բարձրացնում, մեզ հետ զրույցում Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ղեկավար Զարուհի Մուրադյանն ընգծեց՝ գինեմետ սորտերը պահանջված են, խնդիրը կոնյակի ոլորտում է. «Գինեմետ սորտերի հարցում հասել ենք մի մակարդակի, որ գինեգործական ընկերությունները աշխատում են ֆերմերների հետ, որպեսզի ստանան իրենց համար համապատասխան որակի խաղող։

Ցավոք սրտի, խաղողի 80 տոկոսը կոնյակի արտադրության համար է, և կախված անկայուն շուկայից ու փոխարժույթներից, որոնք ազդում են բիզնեսի վրա, բիզնեսը չի կարողանում կանխատեսել թե մինչև մթերման սեզոն ինչքան խաղող կմթերի, քանի որ վաճառքները համապատասխան ձևով չեն իրականացվել, այդ խնդիրն առաջանում է»։  Խաղողագործության ու գինեգործության հիմնադրամի ղեկավարի խոսքով՝ խնդիրը լուծելու համար պետք է համակարգ ներդնել, որ խաղողը հաստատված մեկ գնով չվաճառվի, այսինքն՝ որակյալ խաղողը ավելի բարձր գնով վաճառվի, ցածրորակը՝ համապատասխան գնով, որպեսզի ֆերմերները մոտիվացվեն և բարձրորակ արտադրանք ապահովեն։   

«Երբ ամբողջ տարի ֆերմերներն ու խմիչք արտադրողներն իրար հետ աշխատեն, կհասկանանք՝ ինչքան պահանջարկ կա, ու ինչքան առաջարկ կա։ Մյուս կողմից՝ պետք է մթերման գործընթացը վերահսկել՝ ինչքան խաղող է մթերվել, ինչքան խմիչք է արտադրվել։ Եթե այդ վերահսկողություններն արվեն, արտադրողները պատրաստակամ են ներդնել այնպիսի համակարգ, որը կօգնի իրենց խնդիրների լուծման մեջ՝ համակարգված պայմանագրային պայմաններով աշխատելու համար»,- նշում է Զառա Մուրադյանը։ 

Հայաստանում աճող խաղողի 350 հայկական սորտերից այս պահին 31-ն են գինեգործության մեջ օգտագործվում, մնացած սորտերը ուսումնասիրման փուլում են։ Կառավարությունն այս տարի գինեգործության խթանմանն ուղղված նախագծին հավանություն է տվել։ Զարուհի Մուրադյանը նշում է, որ կան խորհրդային ժամանակներից մնացած սորտեր, որոնք հիբրիդներ են, խաչասերված են և մեծ պահանջարկ չեն վայելում. «Կառավարությունն ուզում է սորտափոխության ծրագիր իրականացնել՝ առաջարկել այնպիսի սորտեր, որոնք պահանջված են գինեգործության համար՝ հաշվի առնելով տարածաշրջանը, կլիմայական պայմանները»։
 
Կառավարության ծրագիրն իրականացնելու համար հիմնադրամն իրականացրել է առաջին քայլը՝ քարտեզագրման աշխատանքներ են արվել, հստակ գիտեն՝ որտեղ ինչ այգիներ կան ու ինչ սորտեր են աճում և, ըստ դրա, ֆերմերներին համապատասխան առաջարկ կանեն՝ սորտափոխության հարցում: «Կարծում եմ, որ պետությունը հետագայում  պետք է սուբսիդավորի՝ ֆերմերներին օգնի սորտափոխություն իրականացնել, որովհետև 5-րդ տարում բերքը նոր իր համահոտային հատկանիշներով նպաստավոր կլինի գինու արտադրության համար»,- հավելում է հիմնադրամի ղեկավարը։

Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, որ նույն այգում խաղողի տարբեր սորտեր են աճում, և նույնիսկ ֆերմերը տեղյակ չէ, թե ինչ սորտեր են, և երբ բերքահավաք է արվում ու բերվում գործարան, տեսնում են՝ տարբեր սորտեր են, ու դժվար է ամեն տարի արդեն ստանալ նույն որակի ու նույն ոճի գինի։  

Զարուհի Մուրադյանի խոսքով՝ հայկական գինին հիմնականում ներքին սպառման համար է, բայց նաև արտահանվում է, նաև շատ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, շարունակում են ընդլայնել շուկաները։ 

Նա նշում է՝ հայկական գինին արտահանվում է հիմնականում Ռուսաստան՝ 59 տոկոս, նախքան ռուս-ուկրաինական պատերազմը 2-րդ տեղում Ուկրաինան էր՝ 13,4 տոկոս, ԱՄՆ արտահանման ծավալը կազմում է 9,4 տոկոս։ 

«Ոսկենի գինիներ» գինեգործական ընկերության համահիմնադիր Ալինա Մկրտչյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ 2008թ. Ռուսաստանից վերադարձել են Հայաստան և նորից գնել բոլշևիկների ժամանակ իրենց աքսորված պապիկին պատկանող խաղողի այգիների մի մասն ու հիմա զբաղվում են գինու արտադրությամբ։ Նրա խոսքով՝ արտադրած գինու 60 տոկոսն արտահանում են՝ հայկական գինու ճանաչելիությունը բարձրացնելու համար։

Դեռևս 1932թ. հիմնադրված ու ավելի քան 9 տարի առաջ վերագործարկված «Ոսկեվազ» գինու գործարանը ևս որոշակի քանակ արտահանում է, բայց արտադրած գինիների մեծ մասը ներքին սպառման համար է։ Գործարանը առաջինն է, որը  կիրառել է խաղողի կախանի մեթոդով դեսերտային գինու ստացումը։ 

Գինեգործության մեջ կեղծարարությունը բացառելու համար Խաղողագործության ու գինեգործության հիմնադրամի կողմից խաղողի տնկարկների ռեեստր է կազմվում։  

«Հիմա քարտեզագրումն արել ենք՝ 11.830 հեկտար փաստացի բերքատու այգի կա»,- ասում է Զարուհի Մուրադյանն ու նշում, որ խաղողից մինչև արտադրություն շղթայի  վերահսկողություն է պետք իրականացնել, որ հասկանան՝ ինչքան խաղող է աճում, ինչքան ալկոհոլային խմիչք է արտադրվում։ 

Ռեեստրում երևալու է նաև, թե ֆերմերն ինչքան այգի ունի, ում է պատկանում այգին, ինչ խաղող է արտադրում և ում է վաճառում, մթերողն էլ իր հերթին ցույց է տալու, թե ինչքան խաղող է ձեռք բերել և ինչ է արտադրել: «Ես չեմ ասում, որ կեղծարարությունը շատ է, բայց, օրինակ, Արենին դարձել է շատ պահանջված, և արդյոք մենք արտադրո՞ւմ ենք այդքան Արենի խաղող, ինչքան գինի։ Համակարգը թույլ կտա վերահսկել՝ արդյոք տվյալ գինին պատրաստվա՞ծ է Արենիից, թե՞ ոչ»,- ասում է Զարուհի Մուրադյանը։ 

Հայկական գինին միջազգային դաշտում ճանաչելի դարձնելու համար հիմնադրամը մասնակցում է միջազգային ցուցահանդեսների, բայց վերջին տարիներին միայն ցուցահանդեսներով չեն բավարարվում, նաև արտերկրներում միջոցառումներ են կազմակերպում ցուցահանդեսներից զատ, համտեսներ են կազմակերպում փորձագետների հետ. «Այս տարի շատ ակտիվ ենք եղել Ռուսաստանի շուկայում, փորձում ենք ակտիվ լինել նաև եվրոպական շուկաներում, լրագրողներին ենք հրավիրում, որոնք գրում ու տարածում են»։ 

Հիմնադրամը նաև Հայաստանում գործող լրագրողներին է վերապատրաստում՝ ոլորտը ճիշտ լուսաբանելու համար։

Թե ինչպես ընտրել բարձրորակ գինի՝ Խաղողագործության ու գինեգործության հիմնադրամի ղեկավարը նշում է՝ ստեղծել են «Հայաստանի գինիներ հովանոցային» բրենդը. «Ստեղծել ենք հատուկ հանձնաժողով այն գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներից, ովքեր համաձայնել են մասնակցել, և 40-ից ավելի ներկայացուցիչներ համտեսում են 156 տեսակի գինիներն ու որոշում, թե որոնք պետք է այդ հովանոցի տակ լինեն»։ Նրա խոսքով՝ բացառվում է, որ կեղծ գինիները այդ հովանոցի տակ լինեն։  

Նարա Մարտիրոսյան