Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այլընտրանքային ներդրումները՝ այլընտրանք բանկային ֆինանսավորմանը. Հայաստանում այսօր ունենք միայն մասնավոր կապիտալի գրանցված ֆոնդեր, որոնք 3-4 տարի է, ինչ գործում են. փոխնախարար. տեսանյութ

Արտերկրի ֆոնդերը պետք է հետաքրքրություն ունենան Հայաստանում։ Մեկնարկել է «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» 2-օրյա միջազգային համաժողովը։ Նպատակը Հայաստանում ֆինանսական ծառայությունների ոլորտը զարգացնելն է՝ որպես այլընտրանք բանկային ֆինանսավորման։ Համաժողովի մասնակիցները ԱՄՆ-ից են, Միացյալ Թագավորությունից, Կուրասաոյից, Իռլանդիայից։  
«Կուրասաոյի բնակչությունը 200.000-ից պակաս է, բայց այն հաջող ֆինանսական կենտրոն է և իր հաջող փորձն է ներկայացնում Հայաստանին, թե ինչպես կարողացան 0-ից զարգացնել խոշոր ֆինանսական ծառայությունների ոլորտ աշխարհում»,- ասում է «ԲիԴիՕ Արմենիա» ընկերության գործընկեր և խորհրդատվական ծառայությունների ղեկավար Ալեքսանդր Շաղիկյանը։ 

«Երեք ընտրված ուղղություններն են՝ կորպորատիվ վենչուրային կապիտալը, մասնավոր կապիտալի ֆոնդերը և ընտանեկան գրասենյակները։ Յուրաքանչյուրը կարևոր դեր ունի տնտեսական զարգացման առումով։ Մենք Հայաստանում այսօր ունենք միայն մասնավոր կապիտալի գրանցված ֆոնդեր, որոնք 3-4 տարի է, ինչ գործում են»,- նշում է Ալեքսանդր Շաղիկյանը։ 

Ակնկալվում է, որ մասնավոր կապիտալի ֆոնդերին զուգահեռ կորպորատիվ վենչուրային կապիտալն ու ընտանեկան գրասենյակները նույնպես կսկսեն ձևավորվել Հայաստանում և իրենց զարգացումը կբերեն իրական տնտեսական հատվածի մեջ։

«Մասնավոր կապիտալը ինչ է առաջարկում, ասում է՝ ես քո սեփական կապիտալում ներդրում կանեմ և ռիսկերը քեզ հետ կկիսեմ՝ ի տարբերություն բանկային վարկի, որը տեխնիկապես ռիսկ կիսելու կոմպոնենտ ունի, բայց հիմնականում թողնում է գործարարին բոլոր ռիսկերը, և գործարարը պետք է կարողանա վերցրած վարկն ի նպաստ ընկերության դնել և վերադարձնել»,- մեկնաբանում է «ԲիԴիՕ Արմենիա» ընկերության գործընկերն ու ընդգծում, որ «այլընտրանքային ներդրումներ» տերմինը ենթադրում է այն, ինչն արժեթղթերի շուկայում թողարկված չէ. «Արժեթղթերի շուկայում թողարկվում են բաժնետոմսեր և պարտատոմսեր, և ինչը դուրս է դրանից՝ այլընտրանքային ներդրում է»։  

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի դիտարկմամբ՝ նման համաժողովները կարևոր են պետություն-մասնավոր երկխոսությունը խրախուսելու համար: «Իռլանդիայից մեր գործընկերը որոշակի նորություններով կիսվեց մեզ հետ, որը կօգնի կառավարությանը, Կենտրոնական բանկին համակարգված քաղաքականություն մշակել ոլորտի զարգացման համար։ Այլընտրանքային ներդրումների իմաստը մասնավոր կապիտալում ներդրումներ կատարելու նպատակով ստեղծվող նոր ֆինանսական կառույցներն են։

Հայաստանում այսօր գոյություն ունի մի քանի այդպիսի ընկերություն, դրանցից մեկը «Ամբեր» կապիտալն է, որի մեջ կառավարությունը նույնպես ներդրում է կատարել։ Նման ֆինանսական կառույցները ստեղծում են բանկային ֆինանսավորման այլընտրանք»,- ասում է նա։    
Փոխնախարարը, անդրադառնալով այսօր մասնավոր հատվածի կողմից արվող ներդրումներին, նշեց, որ հայկական ներդրումային միջավայրը հետխորհրդային տարածքի ձեռներեցների համար շատ ավելի հասկանալի է, քան, օրինակ, Ճապոնիայի ձեռներեցների համար։

Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ Հայաստանի ներդրումային միջավայրն այլ պետություններին հասկանալի դարձնելու համար պետք է կազմակերպվեն ֆորումներ, և այդ նպատակով էլ գործում է «Էնթերփրայս Արմենիա» պետական հիմնադրամը, որի բյուջեն նախարարությունը փորձում է հետևողականորեն մեծացնել։  

Համաժողովը կազմակերպել են «Բիդիո Արմենիան» և «Orion worldwide innovations»-ը։

Մանրամասն՝ տեսանյութում

Նարա Մարտիրոսյան