Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Խաչատրյանը ներկա է գտնվել «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաների բացմանը

Ռոբերտ Խաչատրյանը ներկա է գտնվել «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաների բացմանը
Տնտեսություն
21:21, 08 ноябрь 2022
Հայաստանի եվրոպական համալսարանում (ՀԵՀ) նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաների բացման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
 Նախարարը շնորհավորել է համալսարանի անձնակազմին և հյուրերին՝ լաբորատորիաների բացման կապակցությամբ, կարևորել նմանօրինակ գիտահետազոտական կենտրոնների ստեղծումն ու դրանց կիրառական գործառույթը մեր երկրի տեխնոլոգիական առաջընթացի և զարգացման գործում:

«Գործնական լաբորատոր պարապմունքներն այսօր էական նշանակություն ունեն աշխատաշուկայի ներկա պահանջները բավարարելու և արդյունաբերության մեջ առկա խնդիրներին լուծումներ տալու առումով: Վստահ եմ, որ «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաները կնպաստեն, որպեսզի տեսական գիտելիքները համադրվեն պրակտիկ, կիրառական փորձառության հետ: Լիահույս եմ, որ այս լաբորատորիաներում նոր մտքեր, նոր գաղափարներ կգեներացվեն, որոնք էական դերակատարություն կունենան մեր երկրի տեխնոլոգիական առաջընթացի գործում»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը:

Հայաստանի եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին, գործընկերներին, հյուրերին միջոցառմանը մասնակցելու համար: Նա ընդգծել է, որ նորաբաց գիտահետազոտական լաբորատորիաները շատ կարևոր դերակատարություն կունենան որակյալ կադրեր պատրաստելու, ուսանողների պրակտիկ հմտությունները զարգացնելու առումով։

 «Հանրաճանաչ եվրոպական կրթական կառույցների հետ համատեղ՝ բուհի ուսանողները կարողացել են արդիական պրոդուկտներ ստեղծել, որոնք հիմնված են տեղեկատվական տեխնոլոգիաների նորագույն նվաճումների վրա և խիստ կիրառելի են տնտեսության մեջ»,- նշել է համալսարանի ռեկտորը։

Նախարարը շրջայց է իրականացրել նորաբաց լաբորատորիաներում, ծանոթացել ՀԵՀ մասնագետների և ուսանողների կողմից իսպանական «Էկոսոֆթ» ընկերության և իտալական «ԵՎՐՈԱԿ» գիտահետազոտական կենտրոնի մասնագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում պատրաստված շուրջ 20 սարքերի կիրառելիությանը: Նորարարական սարքերի թվում էին ֆանդոմատները՝ դատարկ շշերի մշակման սարքերը, խելացի համակարգերը, որոնք 10-ից ավելի գործառույթներ են իրականցնում և զարգացման լայն հնարավորություններ ունեն: Խելացի ավտոկանգառների առաջին օրինակն էլ, որի նմուշը ներկայացված էր լաբորատորիաներում, համալսարանականները ցանկանում են նվիրաբերել Երևանի քաղաքապետարանին՝ առաջարկելով այն տեղադրել հենց բուհի հարևանությամբ:
«Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաների ծրագիրն իրականացվում է ՀԵՀ հիմնադիրներ՝ իտալական «ԵՎՐՈԱԿ» գիտահետազոտական կենտրոնի, Լիոնի առևտրաարդյունաբերական պալատի «Հիբրիա» տեխնոլոգիական ինստիտուտի, իսպանական «Էկոսոֆթ» և «Վենգրատ» ընկերությունների հետ համատեղ։ Միջոցառմանը մասնակցում էին պատվիրակություններ Ֆրանսիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից Գերմանիայից, Իսպանիայից։