Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանական կողմը պատրաստակամ է հայ-իրանական տնտեսական կապերի ընդլայնմանը նպաստող նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում. ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ Պապիկյանին

Իրանական կողմը պատրաստակամ է հայ-իրանական տնտեսական կապերի ընդլայնմանը նպաստող նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում. ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ Պապիկյանին
Տնտեսություն
19:19, 19 апрель 2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է   ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին. տեղեկացնում են գերատեսչությունից:

Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական փոխգործակցության օրակարգում առկա չիրացված ներուժը հնարավոր է օգտագործել՝  զարգացնելով առևտրատնտեսական կապերը և  կյանքի կոչելով համատեղ ծրագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս համատեքստում նախարարն   ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում տարվող աշխատանքների, ինչպես նաև «Պարսից ծոց և Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումների կարևորությունը։  

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԻՀՀ  դեսպան Աբբաս Զոհուրին վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը հայ-իրանական ծրագրերն ու նախագծերը արդյունավետ իրականացնելու և տնտեսական կապերի ընդլայնմանը  նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում։ 

Զրուցակիցները քննարկել են  հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի օրակարգին,  համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներին, ինչպես նաև Հյուսիս-հարավ  ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկին առնչվող հարցեր։  Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված շինարարական ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությանը։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։