Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտանի կենդանիների կերերը կվաճառվեն համեմատաբար ցածր գնով․ Տարածաշրջանում ամենախոշոր համակցված կերերի գործարանը Եղվարդում է․ տեսանյութ

«Այս պահին բացվում է տարածաշրջանում ամենախոշոր համակցված կերերի գործարանը, որն իր արտադրողականությամբ ունի ժամում 20 տոննա հզորություն»,-գործարար Նարեկ Նալբանդյանը ներկայացրեց «Նալբանդյան Ագռո» համակցված կերերի գործարանն ու նշեց, որ իր կողմից կատարվել է 7 մլրդ դրամի ներդրում։ 

Այսօր գործարանի բացումն էր, այն գտնվում է Կոտայքի մարզի Եղվարդ բնակավայրում։ Բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու այլ պաշտոնատար անձինք։ 

Համակցված կերերը նախատեսված են գյուղատնտեսական կենդանիների համար։ Գործարարը հավաստիացնում է՝ ավելի քան 100 աշխատատեղ ունի գործարանը։ Արտադրանքը կվաճառվի Հայաստանում, Վրաստանում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում՝ համեմատաբար ավելի ցածր գներով։ Ներքին շուկայում արդեն տասն օրից արտադրանքը հասանելի կլինի սպառողին, համակցված կերերի ներմուծման կարիք էլ աստիճանաբար չի լինի։  

«Տեղական շուկայի համար մոտավորապես տասն օրից կսկսենք բաց թողնել, տեղական շուկայի պահանջարկը բավարարելուց անմիջապես հետո, ինչը մեր հաշվարկներով կտևի 1-2 ամիս, կզբաղվենք դրսի շուկայով»,- նշեց Նարեկ Նալբանդյանը։    

Նրա խոսքով՝ գործարանը հագեցած է ավտոմատացված գերժամանակակից սարքավորումներով՝ կորուստներ չեն լինում, ինչի շնորհիվ էլ արտադրանքի ինքնարժեքը ցածր է։ Հումքը ներկրում են մի շարք երկրներից՝ այդ թվում Ռուսաստանից, Եվրոպայից, Չինաստանից։

«Էնթերփրյազ Արմենիա» հիմնադրամի կողմից ինչպես մի շարք այլ բիզնեսներին, այնպես էլ «Նալբանդյան Ագռո» համակցված կերերի գործարանին ցուցաբերվել է աջակցություն։

«Մենք այս պահին ուղեկցում ենք շուրջ 160 ծրագիր՝ 40 ծրագրեր հենց մեկնարկից ենք ուղեկցում, եթե թվերով խոսենք, 2մլրդ դոլարի չափով ծրագրեր ենք ուղեկցում, որոնցից 540 մլն-ի ծրագրերն արդեն մեկնարկել են, ինչպես այս ծրագիրը։ Մեր մոտ 1000 դոլարանոց ներդրողը և միլիարդ դոլարանոց ներդրողը նույն սպասարկումն են ստանում և նույն մոտեցումը՝ ինչպես մեր կողմից, այնպես էլ պետական մարմիններից»,- ասաց «Էնթերփրյազ Արմենիա»-ի ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։    

Մանրամասն՝ տեսանյութում