Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ ավարտվի երրորդ էլեկտրագծի շինարարությունը, Իրանից ստացվող գազի ծավալները կավելանան. Փաշինյան

Երբ ավարտվի երրորդ էլեկտրագծի շինարարությունը, Իրանից ստացվող գազի ծավալները կավելանան. Փաշինյան
Տնտեսություն
22:20, 11 ноябрь 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով իրանա-ադրբեջանական հարաբերությունների սրմանը և Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությանը, ասաց. «Եկեք չափազանցությունների գիրկը չընկնենք: Ի վերջո Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ադրբեջանական Հանրապետությունը շատ խորը մշակութային, տնտեսական կապերով իրար հետ կապված երկրներ են, բարեկամական երկրներ են: Շատ երկրներում կան այդ բանավեճերը, եկեք չափազանցության գիրկը չընկնենք»:

Վարչապետի խոսքով՝ Իրանը միջազգային և տարածաշրջանային հարցերում շատ կարևոր դերակատար է. «Դա է պատճառը, որ մենք շատ սերտ հաղորդակցության մեջ ենք Իրանի մեր գործընկերների հետ: Ինձ համար շատ կարևոր է, որ մեր մտահոգությունների մասին տեղեկությունները, մեր պատկերացումները Իրանի մեր գործընկերները մեզանից ստանան: ԻԻՀ-ն շատ կարևոր դերակատար է, և մեզ համար շատ կարևոր է մեր հարաբերությունների բնականոն զարգացումը, և մենք գնում ենք հենց այդ ճանապարհով»:

Խոսելով Իրանի հետ էլեկտրաէներգիա գազի դիմաց պայմանագրի երկարաձգման մասին՝ վարչապետն ասաց, որ գազի ծավալների ավելացումը փոխկապակցված է այդ պայմանագրի երկարաձգման հետ. «Երբ ավարտվի երրորդ էլեկտրագծի շինարարությունը, ավելի շատ գազ վերցնելու հնարավորություն կունենանք, որպեսզի ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարենք Իրան»:
Վարչապետի խոսքով՝ այս դեպքում Ռուսաստանի հետ որևէ հակասություն լինել չի կարող: