Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդյոք սիգարետ արտահանող տնտեսվարողների համա՞ր է ակցիզային հարկի մասին փոփոխությունը. Պատգամավորի հարցին՝ փոխնախարարի պարզաբանումը

Արդյոք սիգարետ արտահանող տնտեսվարողների համա՞ր է ակցիզային հարկի մասին փոփոխությունը. Պատգամավորի հարցին՝ փոխնախարարի պարզաբանումը
Տնտեսություն
14:51, 24 ноябрь 2022
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը քննարկման ներկայացրեց Ակցիզային հարկի վերաբերյալ օրենսդրական փոփոխության նախագիծը։ Անդրադառնալով  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցին, թե ակցիզային հարկի ենթակա  ապրանքների արտահանումը տնտեսվարողի խնդիրն է, ոչ թե Կառավարության, և որ Կառավարությունը միջամտելով, մասնակից դառնալով պրոցեսին՝ այս օրինագծով վարկաբեկելու է պետությանը, Պողոսյանը պատասխանեց. «Ուղիղ ասեմ, ես համաձայն չեմ Ձեր գնահատականի հետ։ Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, ըստ որի՝ ակցիզային հարկով ապրանքների ներմուծման և հետագա վերաարտահանման ժամանակ վերադարձվում է ամբողջ կամ ամբողջին մոտ ակցիզային հարկը։ Մենք այս առումով ոչ թե նոր հնարավորություններ ենք բացում, այլ եղած սահմանափակումներն ենք հանում, որովհետև եթե ապրանքի սպառումը Հայաստանում չի կատարվում, մենք ի՞նչ իրավունքով  հավակնություն ունենանք այդ ապրանքի համար հարկ գանձելու ու պահելու մեզ մոտ, չվերադարձնելու։ Սա բացատրություն չունի»։ 

Փոխնախարարն ընդգծեց, որ համարձակորեն կարող է պնդել՝ սա նույնիսկ ուշացած քայլ է. այս փոփոխությունները պետք է լինեին վաղուց, որովհետև տնտեսվարող սուբյեկտները բազմիցս են իրենց նամակներով դիմել՝ նշելով, որ իրենց բիզնես մոդելները չեն կարողանում իրացնել։

Արսենյանը արձագանքեց՝ ասելով, որ այդ դեպքում պետք է ակցիզային հարկը գանձել իրացումից, ոչ թե ներարկումից, եթե մտահոգություն կա, որ այդ քանակի ապրանք Հայաստանում չի իրացվել։  

«Եթե տնտեսվարողը որոշել է ներկրել այդքան ապրանք, որը հետո չի իրացվել, դա Կառավարության խնդի՞րն է, որ գնա ասի՝ սխալվել ես, եկել ենք ուղղենք։ Ես համոզված եմ, որ այս նախագիծը Հայայստանում գործող մեկ-երկու տնտեսվարողների համար է։ Քանի որ ես վաղուց եմ ոլորտում, տեղյակ եմ իրադարձություններից, կարող եմ բաց ասել, որ օրինագիծը ամենայն հավանականությամբ սիգարետի արտահանման համար եք ընդունում, այն սիգարետի, որը չեն կարողանում ստանալ անհրաժեշտ քանակներով, և հիմա որոշել են այս ճանապարհով՝ Հայաստանի Կառավարությանն էլ ներգրավելով պրոցեսի մեջ, իրականացնել արտահանումը։ Լավ տեղ չի տանելու սա։ Հետագայում սրա ձայնը կլսեք»,- նշեց Արսենյանը։

Ի պատասխան կոշտ դիտարկումների՝ Պողոսյանն ասաց. «Մենք չենք կենտրոնանում որևէ ապրանքի վրա, մենք կենտրոնանում ենք սկզբունքի վրա և առաջարկում ենք միջազգայնորեն ընդունված նորմերին համապատասխանեցնել ակցիզային հարկի օրենսդրական այս կարգավորումը։ Ձեր առաջարկած մոդելը, երբ ներկրման փուլում հարկում չի կատարվում, այլ իրացման փուլում, կա որոշ երկրներում, բայց լայն տարածում չունի ակցիզային հարկի մասով»։ 

Նրա խոսքով՝ միջազգային փորձով ակցիզային հարկը ավելի շատ կիրառվում է ներկրման փուլում, և հենց այդ փորձը հաշվի առնելով է Կառավարությունը մշակել օրինագիծը և ոչ թե որոշ տնտեսվարողների համար: «Իսկ ավելացված հարկի վերադարձի մասով համաձայն եմ Ձեզ հետ, և Կառավարությունը այդ քաղաքականությունը վարում  է. եթե նկատել եք, սահմանին ավելացված հարկի հարկումը  տարեցտարի թեթևացնում ենք հետևողականորեն»,- ընդգծեց նա։