Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցյալ տարվա համեմատ՝ աշխատատեղերն ավելացել են 2500-ով․ՊԵԿ նախագահ

Անցյալ տարվա համեմատ՝ աշխատատեղերն ավելացել են 2500-ով․ՊԵԿ նախագահ
Տնտեսություն
12:08, 22 апрель 2021
Նախքան ՀՀ Կառավարության նիստի հիմնական օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տնտեսության վերականգնման հերթական ազդակն են ստացել և, ըստ էության, կարող են արձանագրել, որ 2021 թվականի մարտին եկամուտ և աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ է եղել։ 

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ ասաց, որ իրենք ամփոփել են 2021 թվականի մարտ ամսվա աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունները, և պատկերը հետևյալն է՝ անցյալ տարվա համեմատ աշխատատեղերն ավելացել են 2500-ով։ Հաշվի առնելով նախորդ տարի արդեն մարտ ամսից համավարակի առկայությունը և դրա հնարավոր ազդեցությունը՝ համեմատական վերլուծություններ իրականացվել են 2019-ի համեմատ իրավիճակն ավելի պատկերավոր հասկանալու նպատակով։
 
«2019 թվականի մարտ ամսվա համեմատ նույն աշխատատեղերի քանակն ավելացել է 38 000-ով, հարկման բազան կազմել է ավելի քան 131 միլիարդ, և այդ ցուցանիշը 2020 թվականի համեմատ ավել է 7,5 միլիարդով, իսկ 2019 թվականի համեմատ՝ 24 միլիարդով։ Միջին հարկման բազան կազմել է 211 500 դրամ, որը 2020 թվականի նկատմամբ ավել է 12 000-ով, իսկ 2019 թվականի նկատմամբ շուրջ 28 000-ով»,-ասաց Էդվարդ Հովհաննիսյանը։