Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվեց 2020 թ․-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը

Քննարկվեց 2020 թ․-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը
Տնտեսություն
12:28, 22 апрель 2021
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը։ Զեկուցող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Կառավարությունն ունի պարտավորություն մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը ԱԺ ներկայացնել նախորդ տարվա բյուջեի կատարման արդյունքները բացահայտող տարեկան հաշվետվությունը։

Ֆինանսների նախարարը նշեց, որ 2019 թվականին ունեցել ենք վերելքի ժամանակահատված․ համաշխարհային աճի 2,9% աճի պայմաններում Հայաստանի տնտեսությունն աճել է 7,6%-ով։ Սա ենթադրում է, որ հնարավորություններ է ընձեռվել փոխել պարտավորությունների կատարման շրջանակը։ Ըստ նախարարի՝ 2019 թվականին մենք անվանական արտահայտությամբ 16%-ով ավելի մեծ հարկային եկամուտներ ենք ունեցել, քան 2018 թվականին։ 2019 թվականի վերելքը հնարավորություն է տվել փոխել իրավիճակը և վերանայել ծախսային մինչ այդ ունեցած քաղաքականությունների համար նախատեսված միջոցները։

«ԿԳՄՍ նախարարության բնագավառում ունեցանք հատկացումների, հետևաբար նաև կատարողականի շուրջ 11% աճ, առողջապահության բնագավառում՝ 22%։  Կապիտալ ծախսերը, անվանական արտահայտությամբ, 2018 թվականի համեմատությամբ աճել են 30%-ով և արդյունքում, բյուջեի հիմնական ցուցանիշների կատարմամբ, հանգեցինք դեֆիցիտի 1% մեծության։ Սրանով մենք մուտք գործեցինք 2020 թվական։ 2019 թվականին կուտակված դիմադրողականության պաշարը թույլ տվեց 2020 թվականի ցնցումներին դիմակայել», - ասաց Ջանջուղազյանը։

Ջանջուղազյանը նշեց, որ հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությամբ ճգնաժամի ժամանակահատվածում կանխատեսվել էր, որ ունենալու ենք տնտեսական անկում և հետևաբար ավելի ցածր հարկային եկամուտներ, բայց կուտակված պաշարը մեզ հնարավորություն է ընձեռել պարտք ներգրավելու ճանապարհով առանձնապես չփոխել մեր վարքագիծը ծախսային քաղաքականության մեջ, ինչը հնարավորություն է տվել ոչ միայն ամբողջ ծավալով, այլև ժամանակին և գործող կարգավորումներով նախատեսված՝ կատարվեն ստանձնած բոլոր պարտավորությունները։

«Արդյունքում մենք ունեցանք ավելի մեծ դեֆիցիտ (2,3%-ի փոխարեն ունեցանք 5,5% դեֆիցիտ), քան պլանավորված էր։ Աա այն գինն է, որը վճարվել է, որպեսզի կարողանանք մեղմել տնտեսական անկումը, ինչը պայմանավորված էր covid-ով և պատերազմի հետևանքներով»,- նշեց նախարարը։

Նախարարը նշեց նաև, որ ունենք նաև գնահատականներ, թե  ինչպիսին է հարաբերակցությունը ամբողջ աշխարհում, և զարգացող երկրների համեմատությամբ՝ մենք մոտավորապես համադրելի ենք։

Անդրադառնալով Հայաստան Համահայկական հիմնադրամի կողմից փոխանցված գումարների շուրջ շահարկումներին`վարչապետը նշեց, որ ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի համար Կառավարությունը իրականացրել է շուրջ 120 միլիարդ դրամի հատկացում, որից 52 միլիարդ դրամն է հատկացվել հիմնադրամի կողմից։

Վարչապետը նշեց նաև, որ վերջերս տեղի ունեցած Հայաստան Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ներկայացրել է ծախսերի բացվածքը, որի արդյունքում հոգաբարձուների խորհուրդը տարածել է հայտարարություն, որով վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։