Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեսանք աշխատաշուկայի վերականգնման արդյունքը, երկուշաբթի օրը կտեսնենք տնտեսական ակտիվության ցուցանիշը․ Վահան Քերոբյան

Տեսանք աշխատաշուկայի վերականգնման արդյունքը, երկուշաբթի օրը կտեսնենք տնտեսական ակտիվության ցուցանիշը․ Վահան Քերոբյան
Տնտեսություն
13:08, 22 апрель 2021
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց, թե այս պահին ներդրումների հետ կապված ինչ գործընթացներ են իրականացվում․ «Ներդրողները շատ տարբեր բիզնեսների ներկայացուցիչներ են՝ սկսած ՏՏ ոլորտից, վերջացրած կառուցապատման պրոեկտներով»։
 
Քերոբյանը տեղում լրագրողներին ցույց տվեց Գյումրիի Կումայրի կենտրոնի կառուցապատման նախագիծը։ Լրագրողների հարցին, թե դա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնած ծրագի՞րն է, նշեց՝ ոչ, Կարեն Կարապետյանը միայն մասնակից է այդ ծրագրին։
 
Լրագրողների այն հարցին, թե ե՞րբ են լինելու հստակ արդյուքներ, Քերոբյանը նշեց, որ արդյուքներ արդեն կան։
 
«Հենց նոր տեսանք աշխատաշուկայի վերականգնման արդյունքը, երկուշաբթի օրը կտեսնենք տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Նույնիսկ երկնիշ տնտեսական աճը, որը ես անձամբ ասել եմ, ինձ էլի չի բավարարում։ Ես՝ ինքս մասնակցել եմ պատերազմին և տեսել եմ, թե ինչքան անհամաչափ է մեր և Թուրքիայի տնտեսական,  ռազմական ուժը և անձամբ ես համարում եմ, որ մենք պետք է ինչքանով հանարավոր է ամենաարագ տեմպերով ստեղծենք Հայաստանի համար լավ բարձր տնտեսական ավելացված արժեք», - նշեց նախարարը։
 
Հարցին, թե սպասվելիք ծրագրերի արդյունքերի հստակ ժամկետներ որո՞նք են, Քերոբյանը նշեց․ «Ամեն օր ինչ-որ մի բան է բացվում, ինչ-որ բիզնես է սկսում աշխատել։ Շվեդները, որոնց մասին ասացի, աշխատում են։ Երեկ ես մասնակցել եմ Եվրոպական բիզնես ասոցիացիայի ժողովին, որտեղ Քարֆուրի տնօրենը հայտարարեց, որ առաջիկա 12 ամսվա մեջ ևս 10 սուպերմարկետ է բացվելու, որը ևս մեծ ներդրում է՝ մի քանի միլիոն դոլարի։ Բազմաթիվ այգիների, ջերմոցների, տարբեր գյուղատնտեսական մեծ ներդրումներ ընթացքի մեջ են»։
 
Գնաճի հետ կապված նախարարը նշեց, որ աշխարհում նույնպես սննդամթերքի գները աճել են և դա ոչ թե հայկական պրոբլեմ է, այլ միջազգային և այս խնդիրը Կենտրոնական բանկի և Էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում է։