Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե մեր տնտեսական աճն այս տեմպերով շարունակվի, բնականաբար կաճի և՛ նվազագույն աշխատավարձը, և՛ բազայինը. Վաչե Քալաշյան․ տեսանյութ

ՀՀ ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ընդունվեցին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը,  «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Նվազագույն ամսական աշխատավարձի և Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծերը։ Այս բոլոր նախագծերը 24-ժամյա ընթացակարգով ներկայացվելու են ԱԺ-ին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, ներկայացնելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ասաց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրանում է  և դառնում 75 000 դրամ, կառավարությունն արդեն իսկ բյուջեի նախագծով ամրագրել է, որ բազային աշխատավարձը պիտի դառնա 83 200 դրամ։ 

«Եվ որպեսզի նույնաբովանդակ գործառույթներ իրականացնող պաշտոնների միջև վարձատրության խզվածքը էլ ավելի չմեծանա, սույն նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկայնություն և մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց 2020 թվականին սահմանված հավելումները բազային աշխատավարձի բարձրացման չափով նվազեցնել»,- ասաց Վաչե Քալաշյանը։  

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց, թե արդյոք դրանից հետո իրենք այս սանդղակին անդրադառնալո՞ւ են բոլոր այն դեպքերում, երբ որ լինի նվազագույն աշխատավարձի վերանայում, թե՞ բավարարվում ենք այսօրվա նվազեցումը կատարելով, ինչին ի պատասխան Վաչե Քալաշյանն ասաց, որ եթե մեր տնտեսական աճն այս տեմպերով շարունակվի, բնականաբար կաճի և՛ նվազագույն աշխատավարձը, և՛ բազայինը, հետևաբար պարբերաբեար գուցեև կարիք լինի նորից անդրադառնալու այս խնդիրներին։   

Այնուհետև Վաչե Քալաշյանը նշեց, որ վերջին մի քանի օրերին ԶԼՄ-ներում անընդհատ շահարկվում է հավելումների, հավելավճարների աճը, և օրինակ՝ կարող է ներկայացվել, որ ՍԴ դատավորի հավելումը սահմանվել է 70 տոկոս, բայց չի ներկայացվում, որ կառավարությունը այդ 70 տոկոսը ներկայացնում է 80 տոկոսի նվազեցման չափով։

«Ես ուզում եմ ևս մեկ անգամ հանրության համար պնդել, որ արդարացի վարձատրության համադրելի պաշտոններ զբաղեցնող անձանց համադրելի վարձատրության և սանդղակների համադրելիության սկզբունքների պահպանումից  ելնելով է, որ Կառավարությունն այս առաջարկով է հանդես գալիս և ոչ թե հավելում է սահմանում, այլ սահմանված հավելումները նվազեցվում են»,- ասաց Վաչե Քալաշյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն էլ, ներկայացնելով «Նվազագույն ամսական աշխատավարձի և Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծերը, նշեց, թե ինչպես է կատարվել այդ հաշվարկը։

«Այս հաշվարկը կատարվել է  հետևյալ սկզբունքով. հաշվի է առնվել երկրում սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, որի արդյունքում կառավարության կողմից առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68 000 դրամից դարձնելով 75 000 դրամ»,-եզրափակեց փոխնախարարը։ 
  
Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան