Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գործում է գինու տուրիզմը խթանող հարթակ․ զբոսաշրջիկները կարող են ընտրել երթուղիներ Հայաստանում Վրաստանում, Ուկրաինայում ու Հունաստանում

Գործում է գինու տուրիզմը խթանող հարթակ․ զբոսաշրջիկները   կարող են ընտրել երթուղիներ Հայաստանում Վրաստանում, Ուկրաինայում ու Հունաստանում
Տնտեսություն
20:45, 08 декабрь 2022
Օրերս կայացավ «Գինու ծով» (The Sea Օf Wine)  ծրագրի փակման միջոցառումը։ Ծրագրի իրականացման համար շուրջ 2 տարի աշխատանքներ են տարվել, ստեղծվել է Սևծովյան տարածաշրջանում գինու զբոսաշրջությունը խթանող կայք։ Կայքն ընդգրկում է չորս երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Հունաստանի գինու տուրիզմին առնչվող տեղեկատվություն։ Կայքում առկա են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Հունաստանի համար համատեղ մշակած գինու երթուղիները: 

Միջոցառմանը՝ խաղողագործության, գինեգործության, զբոսաշրջության ոլորտի պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներից բացի, ներկա էին՝ գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներ, գինեսերներ,  բլոգերներ ու լրագրողներ:            
Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի տնօրեն՝ Արթուր Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում գինու ոլորտը և գինու զբոսաշրջությունը  ակտիվ զարգանում է, և որոշել են աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա ավելացնել Սևծովյան տարածաշրջանը, այդ թվում և Հայաստանը՝ որպես գինեգործության պատմական տարածաշրջան։ «Ծրագրի արդյունքում մենք ունենք մի հարթակ, որտեղ զբոսաշրջիկները ըստ նախասիրությունների կարող են ընտրել գինեգործարաններ ու այլցելել: Նշեմ նաև, որ Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնը կարևորում է այս նախագծի հարատևութունը և այս միջոցառման ավարտից հետո կապահովի կայքի անխափան աշխատանքն ու պարբերաբար թարմացումը»,- ասաց նա:

«Գինու ծով» ծրագրի ղեկավար Անի Մանասերյանն էլ ընդգծեց, որ  գործում է կայք, որտեղ կա համապարփակ տեղեկատվություն մեր բոլոր գինեգործարանների մասին, մեր բոլոր տուրիստական   ընկերությունների մասին, որոնք այս կամ այն չափով գինու հետ առնչվող ծառայություններ են մատուցում․ «Մշակել ենք գինու վեցը երթուղի, որոնք քարտեզային գծագրումից վեր են, դրանք թեմատիկ են ըստ նախասիրությունների և հետաքրքրությունների, ներառում են բոլոր մարզերը, ներկայացնում են մեր գյուղական կյանքը, հարուստ մշակույթն ու ավանդույթները»:

Alluria գինիների հիմնադիր Սամվել Մաչանյանի խոսքով՝ մի քանի տարի է ինչ սկսել են գինու արտադրությունը զուգակցել գինու զբոսաշրջության հետ, բայց քանի որ դա Հայաստանում նոր զարգացող ուղղություն է՝ տեղական ու միջազգային շուկաներում ճանաչելիության  խնդիր ունեն․ «Վստահ եմ «Գինու ծով» ծրագրով ստեղծված Seaofwine.travel կայքը, որտեղ ներկայացված է նաև մեր ընկերությունը, կօգնի  որ զբոսաշրջիկները իմանան մեր մասին»։


Ծրագիրը համատեղ իրականացվում էր Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ICARE հիմնադրամ), Սալոնիկի Արիստոտելի համալսարանի, Ագրոբիզնեսի զարգացման վրացական կենտրոնի և Օդեսայի պարենային տեխնոլոգիաների ազգային ակադեմիայիկողմից, համաֆինանսավորմամբ ԵՄ-ի կողմից «Սև ծովի ավազանի 2014-2020թթ.»   Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում իրականացվող Անդրսահմանային համագործակցության համատեղ գործառնական ծրագրի շրջանակներում։