Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը կսահմանի ԵԱՏՄ ապրանքային նշանին, դրա միասնական գրանցմանը վերաբերող հասկացությունները

Կառավարությունը կսահմանի ԵԱՏՄ ապրանքային նշանին, դրա միասնական գրանցմանը վերաբերող հասկացությունները
Տնտեսություն
22:48, 10 январь 2023
Նախաձեռնությամբ սահմանվում են ԵԱՏՄ ապրանքային նշանին, ապրանքային նշանի հայտին եւ ապրանքային նշանների միասնական գրանցմանը վերաբերող հասկացությունները: ԵԱՏՄ ապրանքային նշանը գրանցելու նպատակով ավելացվել է պետական լիազոր մարմնի գործառույթ, ներդրվել է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների տարածաշրջանային սպառման սկզբունքը` գործող միջազգային սպառման սկզբունքի փոխարեն:

Նվազեցվել են ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու համար դրա չօգտագործման ժամկետները. գործող 5 տարվա փոխարեն սահմանվել է 3 տարի: Այս դրույթները համապատասխանեցվել են «ԵՏՄ մասին» պայմանագրի, ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 9-ի նիստում:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Ապրանքային նշանների մասին» օրենքում եւ Քաղաքացիական օրենսգրքում Կառավարության առաջարկած փոփոխությունները եւ լրացումները: Նիստը վարել է հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: