Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրիի անցակետը գործում է անխափան, մաքսային պահեստի լիցենզիան դադարեցվել է՝ պահանջների անհամապատասխանության պատճառով․ՊԵԿ նախագահ

Մեղրիի անցակետը գործում է անխափան, մաքսային պահեստի լիցենզիան դադարեցվել է՝ պահանջների անհամապատասխանության պատճառով․ՊԵԿ նախագահ
Տնտեսություն
13:18, 27 апрель 2021
«Մեղրիի անցակետը չի փակվել, Մեղրիի անցակետն ամբողջ օրը գործել է և գործում է անխափան։ Հավանաբար թյուրըկալում է եղել և խոսքը  վերաբերում է Մեղրիում գործող մաքսային պահեստին, ապա նշեմ, որ վաղուց, դեռ մեկ ամիս առաջ ստուգումներ են իրականացվել բոլոր մաքսային պահեստներում՝ մաքսային պահեստին ներկայացվող պահանջների պահպանման համապատասխանության ուղղությամբ և մի քանի տեղ հայտնաբերվել են խախտումներ։ Մեղրիում գործող պահեստում հայտնաբերվել են այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են գործունեության հետ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ իր հրամանով մաքսային պահեստի լիցենզիան դադարեցվել է, կշտկեն՝ կվերականգանեն։
Նա մանրամասնեց, որ մաքսային պահեստին ներկայացվող բազմաթիվ պահանջներ կան, այդ թվում՝ ռենտգեն սարքավորումների առկայությունը, և կոնկրետ Մեղրիի մաքսային պահեստում ռենտգեն սաքավորումը չի գործել և մի շարք այլ խախտումներ են եղել, որոնք արձանագրված են։

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ խնդիրներ առաջացել են նաև մյուս մաքսային պահեստներում, և ըստ կարգավորումների դրանք այնպիսի խախտումներ են, որոնք ենթակա են ժամանակի տրամադրման, որ ժամանակի ընթացքում թերությունները վերացնեն։ 
«Անհամապատասխանությունների դեպքում ես կդադարեցնեմ ցանկացած մաքսային պահեստի գործունեություն՝ առանց բացառությունների։ Բեռները, որոնք մաքսազերծվում էին տվյալ մաքսային պահեստում, պահպանվում էին այդ մաքսային պահեստում, կպահպանվեն այլ մաքսային պահեստում, մինչև այդ խնդիրները կվերացվի և նորից կդիտարկենք մաքսային պահեստի թույլտվություն տալու հարցը»,-ասաց ՊԵԿ նախագահը։