Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մտադիր է Երևանը գազամատակարարման լրացուցիչ հզորություններով ապահովելու ծրագիր իրականացնել․ ծրագիրը կիրականացվի փուլային տարբերակով

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն  մտադիր է Երևանը գազամատակարարման լրացուցիչ հզորություններով ապահովելու ծրագիր  իրականացնել․ ծրագիրը կիրականացվի փուլային  տարբերակով
Տնտեսություն
15:15, 14 январь 2023
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից նախագիծ է մշակվել, որով առաջարկվում է ՀՀ Կառավարությանը  հավանություն տալ  Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովել ծրագրին։  Այս մասին civic.am-ը տեղեկացավ  իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։  
 
Նախագծին կից հիմնավորման մեջ նշվում է, որ    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն վերջին տարիների ընթացքում Երևան քաղաքում իրականացվող խոշորամասշտաբ կառուցապատմամբ պայմանավորված, գազասպառման ծավալները կտրուկ աճել են և Երևան քաղաքը սնող գազաբաշխիչ կայանների (այսուհետ՝ ԳԲԿ) և գազամատակարարումն ապահովող գազի բաշխիչ ցանցի գազատար խողովակների թողունակությունն այլևս բավարար չէ գործող գազի բաշխիչ ցանցին նոր գազասպառման համակարգերի միացման համար։ Գործող ենթակառուցվածքներից նոր գազասպառման համակարգերի միացման տեխնիկական պայմանների տրամադրումը կարող է խաթարել անխափան և հուսալի գազամատակարարման իրականացումը, ինչը և անհնար է դարձնում Երևան քաղաքում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման համար գազամատակարարման առավել արդյունավետ տեխնիկական պայմաններ տրամադրելու գործընթացը։ Ստեղծված իրավիճակից ելնելով Երևան քաղաքում նոր գազասպառման համակարգերի միացման համար տեխնիկական պայմաններ տրամադրվում են Երևան քաղաքի սահմաններից դուրս տեղակայված ԳԲԿ-ներ սնող բարձր ճնշման կողմնատար գազատարներից նոր ԳԲԿ-ների կառուցմամբ։
 
«Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր կառուցապատողի առանձին տրամադրված գազիֆիկացման տեխնիկական պայմանների համաձայն շինհավաքակցման աշխատանքների կազմակերպումը նման հեռավորությունից տնտեսապես անարդյունավետ և գրեթե անիրագործելի է, ուստի խնդրի լուծման նպատակով  առավել նպատակահարմար է իրականացնել նոր բարձր ճնշման կողմնատար գազատարների, ԳԲԿ-ների և ընդհանուր միջին ճնշման գազատարերի կառուցում, որոնցից հետագայում կմիացվեն կառուցապատողների նոր գազասպառման համակարգերը»,- նշված է հիմնավորման մեջ։   
 
Նմանատիպ աշխատանքները, որպես կանոն, իրականացվում են մատակարար ընկերությունների ներդրումային ծրագրերի շրջանակում։ Սակայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն ընկերությունն իր առաջիկա 10 տարիների ներդրումային ծրագիրը իրականացնում է համաձայն մշակված ՀՀ գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր սխեմայի, որտեղ Երևան քաղաքի պահանջարկի բավարարման նպատակով ԳԲԿ-ների և գազատարերի կառուցում ներառված չէ։ Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ նշված սխեմայով նախատեսված աշխատանքներից դուրս այլ ուղղություններով ներդրումների իրականացումը խնդրահարույց է։ 
 
 
Գազամատակարարման ռեժիմների բարելավման նպատակով քաղաքաշինական ու տեխնիկական հնարավոր լուծումների համադրմամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ուսումասիրվել է տեղադիրքային առումով նույն ուղղությամբ շինարարություն իրականացնող կառուցապատողների աշխատանքները և մշակվել են 4 հիմնական ուղղություններով թվով 4 կողմնատար գազատարների, 4 նոր գազի ճնշման կարգավորման հանգույցների նոր ԳԲԿ-ների ու միջին ճնշման հիմնական սնող գազատարների կառուցման նախնական էսքիզային լուծումներ։
 
Հարկ է նշել, որ պահանջվող ներդրումները հաշվարկված են խոշորացված ցուցիչներով, որոնք կողմնորոշիչ բնույթ են կրում և կարող են փոփոխվել նախագծային աշխատանքների ընթացքում: Արժեքում ներառված չեն հողհատկացման, տարածքների ձեռքբերման, սեփականատերերին փոխհատուցման և նմանաբնույթ այլ ծախսերը:
 
Միաժամանակ, ներկայիս խիտ բնակեցվածության պայմաններում ազգաբնակչության բնականոն կյանքը չխաթարելու նպատակով անհրաժեշտ է դիտարկել նախագծի փուլային իրականացման հնարավորությունը, որը նախնական քննարկվել է նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ և հաշվի է առնվել նաև Երևան քաղաքի տարածքային զարգացման միտումների վերաբերյալ քաղաքապետարանի խորհրդատվական տեղեկատվությունը։
Նախագծին կից հիմնավորման մեջ նշվում է նաև, որ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմելու համար կպահանջվի շուրջ 2 տարի ժամանակ, որոնց ավարտից և վերջնական համաձայնեցումներից հետո՝ փուլային տարբերակով հնարավոր կլինեն իրականացնել աշխատանքները:
I փուլ – Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան հատված        - 18 ամիս.
II փուլ – Երևան քաղաքի Արևելյան հատված                     - 18 ամիս.
III փուլ – Երևան քաղաքի Հյուսիս-Արևելյան հատված        - 36 ամիս.
IV փուլ – Երևան քաղաքի Հարավային հատված                - 18 ամիս.
 
Նշված առաջարկի իրագործումը հնարավորություն կտա կրճատել ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ իրականացվող ընդհանուր ծախսերը, նվազագույնի հասցնել (կամ ընդհանրապես բացառել) սակագնի վրա ազդեցությունը և ապահովել մատակարար ընկերության կողմից ստեղծված ենթակառուցվածքների պատշաճ շահագործումը։
Աշխատանքների արդյունքում ենթակառուցվածքներ կստեղծվեն Երևան քաղաքի ողջ տարածքում:   Առաջարկվող ծրագրերով գազամատակարարման ցանցին արդյունավետ կարգով միանալու հնարավորություն կստանան արդեն իսկ տեխնիկական պայմաններ ստացած 390 օբյեկտներ ընդհանուր շուրջ 216500 խմ/ժ սպառմամբ։   Բացի վերը նշվածը նոր ենթակառուցվածքները նախատեսում են նաև շուրջ 20% լրացուցիչ հզորություններ։ Այսինքն միացվող օբյեկտների հզորությունը կարող է հասնել մինչև 259800 խմ/ժ։