Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր

Արցախում այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր
Տնտեսություն
20:35, 23 январь 2023
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր: Ներկայացվել է կտրոնային համակարգի անցման հետ կապված իրավիճակը:

Նշվել է, որ համակարգի ներդրմանը զուգահեռ՝ բացահայտվում են գործընթացի հետ կապված խնդիրները, տեսչական և վերահսկող մարմինների կողմից արագ արձագանք է լինում բնակչության ահազանգերին (ինչպես մատակարարված բրինձի տեսակներից մեկի դեպքում), և փորձ է արվում դրանց հնարավորինս արագ լուծումներ տալ:  Ընդհանուր առմամբ դրական համարելով  համակարգի ներդրման ընթացքը՝ պետնախարարը հանձնարարել է ամփոփել և ներկայացնել  գործընթացի ընթացքում ի հայտ եկած խնդիրները:

Օպերատիվ շտաբը նաև կոչ է արել բոլոր քաղաքացիներին՝  ստանալ պարենային հինգ ապրանքատեսակների վաճառքի կտրոնները, որպեսզի մատակարարումները կատարվեն համապատասխան սահմանաչափերով: Նիստում ներկայացվել է նաև  էներգամատակարարման և գազամատակարարման հետ կապված ընթացիկ  իրավիճակը:

Նշվել է, որ ադրբեջանական կողմի միջամտությամբ Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի խափանման և գազամատակարարման՝ պարբերական դարձած  անջատումների պայմաններում ՝ էլեկտրամատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել: Փաստացի  էլեկտրաէներգիայի մատակարարումը ներկայումս իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին, ինչի պատճառով համակարգը շատ ծանրաբեռնված է, ավելանում են վթարների թիվը:

Այս իրավիճակում ոլորտի պատասխանատուները հորդորում են բնակչությանը՝ առավելագույնս խնայողաբար օգտագործել  էլեկտրաէներգիան: Նիստի ընթացքում զեկուցվել է նաև դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը: