Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամին զուգահեռ՝ ծավալվում է բնապահպանական ճգնաժամ. վարչապետ

Երեկ Ադրբեջանը վերականգնել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը, բայց 2 ժամ անց կրկին փակել է գազատարը: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը ավելի է սրվել և զուգահեռ ծավալվում է բնապահպանական ճգնաժամ, որովհետև ԼՂ բնակչությունը բնակարանները տաքացնելու և կենցաղային կարիքները հոգալու համար ստիպված է փայտ օգտագործել, ինչի համար անտառներ են հատվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ սա ապացույցն է այն բանի, որ Լաչինի միջանցքի փակման բնապահպանական մոտիվները մտացածին են. «Ադրբեջանի գործողություններն ունեն մի նպատակ՝ ավարտին հասցնել ԼՂ հայությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը»:

Վարչապետի խոսքով՝ պատահական չէ, որ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի միջազգային ինստիտուտը վերջին երեք ամսում երեք անգամ հայտարարությամբ է հանդես եկել՝ վերջին հայտարարության մեջ համաշխարհային առաջնորդներին խնդրելով լրջորեն վերաբերվել ԼՂ-ում հայերի ցեղասպանության սպառնալիքին. «Այս ահազանգը ամեն օր պետք է ավելի ու ավելի ահագնանա և այս ուղղությամբ ջանքերի գործադրումը պետք է լինի շարունակական»: